II

Աղմուկ հանած`վեճը հասավ իրոք
Մինչև շրջանային պարտիական բյուրո:
Դեռ հերթական նիստի օրը չէր էլ հասել,
Դեռ մնում էր նրանց մի փոքր էլ սպասել:
Անցան օրեր: Մի օր երբ որ փոստը եկավ,
Ու թերթերը օրվա երբ բացեցին`գյուղում
Աշխույժ իրարանցում ու խլրտում ընկավ:
Մկրտիչի դեմքին մեղմ ժպիտ էր խաղում,
Կարծես նա այդ թերթին սպասում էր վաղուց,
Ինչպես սպասում են բարեկամի թղթին:
Եվ այդ պատճառով էլ, առանց զարմանալու,
Ծարավածի նման վրա ընկավ թերթին:
Մինչդեռ նախագահը` թերթը ձեռք վերցնելով,
Խոշոր վերնագիրը անձայն ընթերցելով,
Զարմանքից քար կտրեց, թերթը ձեռքից թողեց,
Կարծես թե մատները լրագիրը դաղեց:
Չէր հավատում աչքին և ընթերցեց նորից:
Պարզ գրված էր սևով սպիտակի վրա.
«Եռամյա պլան»…
 
…Լուրը թռավ,
Լուրը մեկից, միանգամից
Անցկենալով բերնեբերան
Փռվեց ամբողջ գյուղի վրա.
-Նոր որոշում կա Կենտկոմից
Ֆերմաների վերաբերյալ:
-Նոր մեծ պլան:
- Երեք տարվա: 
Ո՞վ է ասում:
-Թերթը, նայի՛ր:
-Տուր մի նայեմ: 
- Ահա՛, նայի՜ր…
 
Թերթը անցնում է ձեռքեձեռք,
Աչքը անցնում է տեղից տող:
-Տեսե՜ք, տղե՛րք, ապա, տեսեք,
Մեր մասին է գրված կարծես,
Հենց մեր գյուղի, մեր կոլխոզի:
-Ա՜յ նախագահ, դե եկ խոսիր,
Հը՞, դու հիմա էլ ի՞նչ կասես:
 
Բայց չի լսում Թորգոմն ասես,
Հափշտակված` թերթն է կարդում:
Նույն այդ պահին ներս է մտնում
Մկրտիչը.
-Ա՞յ իմաստուն,
Ախար էդ ո՞նց իմացար դու,
Որ նոր պլան է պատրաստում
Պետությունը, - այս-այն կողմից
Ձայն են տալիս նրան:
Իսկ նա
Ժպտում է և պատասխանում:
-Դուք չէ՞ք ապրում էս աշխարհում,
Թե՞ երկնքից նոր իջաք ցած:
Ինչպե՞ս թե ես ոնց իմացա:
Իմաստության ոչինչ չկա:
Պետությունը սովետական…
Ախար չէ՞ որ նա այլ բան չի,
Քան ես ու դու, ամենքս մենք`
Սովետական քաղաքացիք:
Որոշումն էլ հո երկնքից,
Օդից հո չենք ներքև բերում:
Այն, ինչ այստեղ ինչ որ Միկիչ,
Ինչ որ Ալի, Իվան, Կարո
Մտածում են կամ կամենում,
Աներևույթ ճանապարհով
Հասնում է վեր` Մոսկվա, Կրեմլ,
Հասնում է մեր պարտկենտկոմին
Ժողովուրդն ինչ որ խոսում,
Կազմակերպված և ավելի
Հարստացած ետ է գալիս,
Վերադառնում է մեզ նորից:
Եվ ինչ, ահա նոր որոշում:
Բարձր, ինչպես բարձրախոսում
Մեր սեփական ձայնն ենք լսում
Ամեն մի նոր պլանի մեջ:
Լսողների դեմքի վրա
Պայծառ ժպիտ է նկատվում:
Մեկն ուսին է խփում նրա,
Մեկը` բոթում կամ կսմթում,
Իսկ Թորգոմը…չի նկատում,
Իսկ Թորգոմը… թերթն է կարդում:
-Պարզ է հիմա, պա՛րզ ու որոշ,-
Ընթերցումը ավարտելով
Նախագահը ելավ ոտքի:-
Ներիր դու ինձ, ախպեր Միկիչ:
Ներիր, որ ես հիմարացա:
Իմ սխալը նոր հասկացա…
Մինչ երկու զույգ ժպտուն աչքեր
Սևեռվում են իրար վրա,
Մի պահ սուզվում իրար խորքում,
Երկու ձեռքեր սեղմում իրար
Եվ պահ հետո եղբայրաբար
Փաթաթվում են, իրար գրկում: