IV
Աշնանային քամու շնչից
Արդեն ձմռան հոտ էր գալիս,
Նա չէր փչում, այլ սուր ծակում:
Արեգակն էլ Գնդասարից
Կիսաքուն էր կարծես ծագում
Եվ արդեն ոչ թե ջերմություն,
Այլ միմիայն լույս էր տալիս:
Պաղ եղյամը արդեն վաղուց
Գիշերվա մեջ անտես մաղվում,
Բոլոր քարերը անխտիր
Ծածկում էր բարակ խավով,
Այնպես, ինչպես որ յայլաղում
Հովիվների ձեռքը սովոր
Աղաքարերն է լոկ աղում:
Չարժեր մնալ էլ յայլաղում,
Երբ որ հիմա տաք էր գյուղում,
Իսկ ցելերում խոտն էր աճել,
Խոզաններում` ձեռքից թափված
Հասկ ու հատիկ դեռ մնացել:
Եվ նստելով զամբիկ իր ձին`
Մկրտիչն էլ կոլխոզ իջավ,
Որ գոմերի հարցը լուծի:
Մինչ այդ արդեն Եղյան Կարոն
Զանգ էր տվել, հայտնել շրջկոմ,
Թե ձմեռել մենք չենք կարող`
Չունենալով ձմեռանոց
Գառի համար ու ոչխարի:
-Կվերջանա շուտով տարին,
Ժամանակը չի սպասում:
Թե մնացած երկու ամսում
Գլուխ չգա գործը արագ`
Կլինենք խաղք ու խայտառակ: