I
Ծիծեռնակների և սարյակների շուտասելուկից
Թորգոմն արթնացավ: Դեռ արև չկար:
Հեռվում երկինքը շառագունել էր արևածագից`
Գծելով ծանոթ մի բնանկար:
Կաթնագույն մուժը, մացառների մեջ ծվեններ թողած,
Դանդաղ ցրվում էր այգուց ու բակից,
Լայն պատշգամբում ավելուկների հյուսերը կանաչ
Օրորվում էին մեղմիկ ու հանգիստ:
Բացվում էր օրը: Գյուղն արթնացել էր արևից առաջ:
Նոր թխած հացի բուրմունք էր գալիս:
Պարզորոշ լսվեց հորթուկին կանչող մի կովի բառաչ,
Մի բահ զրնգաց` զարնվելով քարին:
Թորգոմը նստեց: Ինչ-որ ծանրություն ճնշում էր հոգին,
Ծանրացած գլխում կարծես թե կար մեգ:
Այդպես է լինում հետևյալ օրը թունդ գինարբուքի:
Իսկ նա չէր խմել: Որտե՞ղ էր երեկ:
Եվ հիշեց հանկարծ, ու քունը փախավ: Վեր թռավ տեղից:
Արևն էր ելնում պռնկից լեռան:
Լեռնալանջերին թառած արտերը կանաչադեղին
Շեղեցին մի պահ մտքերը նրա:
Շուտով դեզերը շուրջպար կբռնեն արձակ կալերում
(Ոսկեվորվում են արտերը արդեն),
Վրա կհասնեն բերքահավաքի օրերը եռուն,
Մինչ շենքն ակումբի անավարտ է դեռ:
Եվ մոռանալով այն ծանրությունը, որ մի պահ առաջ
Ճնշում էր հոգին, ժպտաց ինքնագոհ:
Շքեզ շինության կամարները կոր և թևատարած
Ողորկ սյուները կապույտ երանգով:
Վերստին նրա սիրտը լցրեցին խնդությամբ այն տաք,
Որ լավ ծանոթ է սիրահարվածին:
Եվ նախագահի` Թորգոմի սրտով անցավ մի խայտանք,
Երբ աչքը ընկավ շենքի զանգվածին:
Ակումբ էր կոչվում, բայց իրականում պալատ էր շքեղ,
Սյունաշարավոր շրջանը նրա
Գյուղի կենտրոնում բազմել էր խրոխտ ու կամարագեղ,
Ինչպես նոր բլուր` բլուրի վրա:
… Երբ պատերազմը վերջացավ փառքով, երբ վերադարձան
Հաղթողներն իրենց տները նորից,
Ամեն գյուղի մեջ բարձրացավ մի սեգ Աղբյուր-հուշարձան`
Սրբատաշ բազալտ և կամ տուֆ քարից:
Թորգոմն էլ հայտնի իր սովորությամբ` կառուցել տվեց
Իր լավագույնը լավերի շարքում.
Ուրիշներինը մեկ ծորակ ուներ, իսկ սա ուներ` վեց,
Մեկ կամարի տեղ սա ուներ երկու:
Հետո շինության գովելի տենդը գյուղից գյուղ անցավ.
«Նոր ուղին» շինեց նոր գրասենյակ,
Ամբողջ մի տարի խոսք ու զրույցի առարկա դարձավ
«Կարմիր դրոշի» ակումբը մենակ:
Վարդաձորեցիք ետ չմնացին իրենց դրացուց.
Տանձուտն իր հերթին հետևեց նրան:
Ամեն մի կոլխոզ ճարտարությունն իր դրել էր ի ցույց:
Մրցման մեջ էին գյուղերն հարևան:
Սովետաշենը դեռ չէր երևում: Չգիտես ինչո՞ւ,
Դեռ դանդաղում էր Թորգոմը, լռում:
Սակայն շրջանում շատ լավ հայտնի էր, որ ամեն ինչում
Նա լավագույնն է լավի մեջ սիրում:
Նա սպասում էր համագյուղացի ճարտարապետին,
Որին և հայտնել բավականությամբ,
Թե կառուցելիք իր նոր ակումբը անպատճառ պիտի
Իր ձևով անշուշտ, ոչ թե մեծությամբ,
Խիստ նման լինի փառահեղ շենքին այն օպերայի,
Որ կառուցվել է մայրաքաղաքում:
Փոքրիկ մի Մասիս` նա պիտի ուղիղ Մասիսին նայի,
Միակը լինի ողջ շրջակայքում:
Նա պիտի բազմի գյուղի կենտրոնում, բլուրի վրա,
Իսկ հետագայում` ճարտագայթաձև
Լայն փողոցները պիտի գան հեռվից և հասնեն նրան`
Նոր գյուղին տալով մեծ անիվի ձև:
Գրասենյակը, դպրոցը, շենքը հիվանդանոցի
Ուրվագծում են արդեն հենց հիմա
Մոտավոր տեսքը գյուղի առաջին այն նոր փողոցի,
Որ և կասֆալտվի` քաղաքի նման:
Նորավարտ հսկա պահեստի շենքով սկիզբ է առնում
Երկրորդ փողոցը, որ արդեն, նայի՛ր,
Էլեկտրաղացով ու դարբնոցով է հիմա վերջանում
Եվ ձգտելու է այս օպերային…
Իսկ բնակելի տների շարքը կձգի հետո,
Կոլխոզը քիչ էլ երբ հարստանա:
Ամեն ինչ կլինի, ամեն ինչ, այո՛, միայն թե հերթով:
Նախ` այսպես պալատը պիտի վերջանա:
Խիստ նման լինի փառահեղ շենքին այն օպերայի,
Որ կառուցվել է մայրաքաղաքում:
Փոքրիկ մի Մասիս` նա պիտի ուղիղ Մասիսին նայի,
Միակը լինի ողջ շրջակայքում:
Նա պիտի բազմի գյուղի կենտրոնում, բլուրի վրա,
Իսկ հետագայում`ճառագայթաձև
Լայն փողոցները պիտի գան հեռվից և հասնեն նրան`
Նոր գյուղին տալով մեծ անիվի ձև:
Գրասենյակը, դպրոցը, շենքը հիվանդանոցի
Ուրվագծում են արդեն հենց հիմա
Մոտավոր տեսքը գյուղի առաջին այն նոր փողոցի,
Որ և կասֆալտվի` քաղաքի նման:
Նորավարտ հսկա պահեստի շենքով սկիզբ է առնում
Երկրորդ փողոցը, որ արդեն, նայի՛ր,
Էլեկտրաղացով ու դարբնոցով է հիմա վերջանում
Եվ ձգտելու է այս օպերային…
Իսկ բնակելի տների շարքը կձգվի հետո,
Կոլխոզը քիչ էլ երբ հարստանա:
Ամեն ինչ կլինի, ամեն ինչ, այո՛, միայն թե հերթով:
Նախ` այսպես պալատը պիտի վերջանա:
Իսկ այդ պալատը, թեկուզ անցել է մեկ ու կես տարի,
Դեռ նոր է միայն իր ձևն ստանում:
Շինանյութերով ծածկված բլուրի բարձր կատարին
Նրա մի հարկն է միայն բարձրանում:
Դե ստիպված ես բերքահավաքի եռուն շրջանում
Եվ բրիգադից շինարարական
Շատերին վերցնել, որ հնձի գնան, աշխատեն կալում`
Բրիգադներում դաշտավարական:
Վրա է հասնում ամառը նորից: Պետք է շտապել,
Որ սյունաշարը գոնե վերջանա…
Եվ «բարի լույս»-ը ստիպեց հանկարծ նրան սթափվել:
Աղջիկն էլ կանգնած Թորգոմի առաջ:
- Ինչպե՞ս ես, հայրի՛կ, ի՞նչ է պատահել, ինչ շա՜տ ես քնում, -
Վերհիշել տվեց ձայնը աղջըկա
Անցյալ գիշերվա վարչության նիստը, վեճի առարկան,
Եվ վիրավորված դառը վերհուշից`
Նա պատասխանեց.
-Շնորհակալ եմ, ընկեր Երազիկ,
Լավ ծեծից հետո միշտ լավ են քնում:
Եվ երեխայի խռովկան տեսքով, Թորգոմը դժգոհ
Բարձրադիր տնից ցած իջավ արագ:
Անփույթ սուլոցով անցնում էր հանդարտ շորորվող այգով
Ամառնամուտի զեփյուռը բարակ: