II
Թորգոմն իջավ: Աչքի առաջ
Գյուղն էր փռվել թևատարած`
Ծանոթ այնքան և անճանաչ:
…Չկան արդեն տներն այն խեղճ,
Խոնավ, մթին ու ծխախեղդ,
Կքված, թեքված իրար վրա`
Մեկը վերև, մեկը` ցածում,
Մեկը մեկից խարխուլ ու ծուռ…
Հյուղակներն այն, որոնց վրա
Փռվում էր մի համատարած,
Խարխուլ կտուր – բարձր մի տեղ,
Մի տեղ ցածր. կտուր, որտեղ
Որ վերևից դիտող մեկին
Պիտի թվար մի անսիստեմ
Ինչ-որ շենքի անկապակից
Չվերծանվող հատակագիծ…
Կտուրներն այն, որոնց վրա
Խոտն էր աճում դեղնականաչ,
Կտուր, որտեղ ծուռտիկ մեջքով,
Իր իսկ տեսքից ինքն էլ դժգոհ,
Խոտի դեզն էր թառում, որի
Ավելի խեղճ օրինակը`
Ծուռտիկ դեզը չոր աթարի
Զարդարում էր տան նեղ բակը…
Իսկ ճեղքերից խարխուլ դռան
Ներս էր խուժում մայրամուտին
Հռնդացող քամին լեռան`
Ստիպելով պառավ տատին
Սոսնձի տեղ խմոր քսել
Այդ ճեղքերին լայնաբերան
Ու փակցընել նրանց վրա
Ինչ-որ թղթեր դեղնած ու սև`
Չիմանալով, որ իր ձեռքին
Էջերն են հին ժամագրքի…
Անց է կացել քանի՞ տարի:
Իսկ հապա դու շուրջդ նայիր:
Նոր քարաշեն տներն ահա
Իրենց արձակ պատշգամբով,
Այգիներն սաղարթն ահա`
Ալիքավոր իրենց թմբով.
Լայն խճուղին, որ գետի պես
Հեռվից եկել ու վարարել,
Նեղ ու ծուռտիկ քուչաների
Կերպարանքն է ջնջել տարել:
Եվ դպրոցին հապա նայիր`
Տուֆաքարե այս հսկային,
Նայիր կալին կոլխոզային,
Որ այնպես է հարթված ու լայն,
Ասես լինի մեծ քաղաքի
Օդանավի արձակ կայան:
Եզրին նրա, իրար հանդեպ,
Մեծ ու Փոքր Մասիսների
Խստաբարո հայացքի դեմ,
Բարձրանում են երկու մեծ դեզ,
Ի՜նչ դեզ: Կարծես մեկը դիտմամբ
Մտածել էր խոտից սարքել
Մեծ ու Փոքր Մասիսների
Հսկայական երկու մակետ…