III

Իրարանցում է գոմերի առաջ:
Ասես ողջ գյուղը քնից վեր թռած
Ոտքի է ելել, հավաքվել այնտեղ:
Դեռ առավոտը չի բացվել կարգին,
Լոկ հորիզոնն է սփրթնել տեղ-տեղ,
Մինչ քարափներում, լանջերում լեռան
Գիշերվա մութն է դեռ նստել հանգիստ:
 
Վաղ առավոտվա մթնոլորտը ջինջ
Լցված է հիմա հազար ձայներով:
Դոփելով հողը իր սմբակներով`
Զիլ խրխնջում է հովատակ մի ձի,
Եվ կարծես դաղված այդ հզոր կանչից,
Տրտինգ է տալիս զամբիկը ջահել`
Պատրաստ մոտակա սարերն արշավել:
 
Հարևան գոմում`հորթ, երինջ ու կով,
Եվ փոքր-ինչ այն կողմ` հոտը ոչխարի:
Այնտեղ էլ արդեն այծի մկմկոց,
Հորթերի բառաչ ու մայուն գառի:
Եվ մեծ զարթոնքից այդ աղմըկալի
Նույնիսկ արևն է քնից արթնանում,
Ու մնաց մարդիկ, որ արդեն վաղուց
Ոտքի են ելել, գնում են գալիս:
 
- Շուտ արա, ա՛յ մարդ, օրը ճա՜շ դառավ, -
Ամբողջ կալով մեկ զիլ ձայնն է թնդում
Նորից Հեղուշի, որ ամեն տարի 
Դանդաղելու մեջ մարդուն կշտամբում,
Շտապեցնում է, ինքն էլ շտապում,
Եվ ամեն տարի (դարձել է առած)
Յայլաղ է հասնում ամենից առաջ:
 
Իսկ նրա մարդը, հայտնի գառնարած,
Որ հանգերով է շատ հաճախ խոսում,
Եվ այդ պատճառով կոլխոզում նրան
«Առանց քյամանչի աշուղ» են ասում,-
Հենց այդ խոսքին է կարծես սպասում.
- Օրը ճա՜շ դառավ, օրը ճա՜շ դառավ…
Ա՛յ դու երեսուն տարեկան պառավ,
Դու էդ քո ստով գլուխս տարար:
Թե ճաշ չի դառել, թող դառնա խաշի՜լ,
Էլ բավակա՜ն է, հոգիս մի՛ մաշիր:
Ես չունեմ քեզ հետ էլ ոչ մի հաշիվ:
Ոչ օրն է հինը, ոչ էլ Արտոն. 
Իմ շալակի տեղ` ահա ԶԻՍ ավտոն:
Դե, խնդրեմ նստիր, ուր կուզես քշիր,
Եվ թող, որ Արտոդ իր հոտը քշի…
 
Պատճառելով ուրախ ծիծաղ` իսկույն Արտոն
Իր գառների հոտն է քշում սարահարթով:
Ոչխարների հոտերն արդեն հավանաբար
Կես են անու յայլաղ տանող սարի ճամփան:
Այգաբացին ոչ նախիրն է մնում տեղում,
Ոչ ձիերի երամակը:
 
Այսպես` գյուղում
Երբ արտերում հասկակալած
Իր ճտերով հավն է կորչում,
Երբ դաշտերում ծաղիկ-կանաչ
Խոտհնձի են մարդկանց կոչում,
Երբ կարող են նախիր ու հոտ,
Չունենալով արձակ արոտ,
Ամեն վայրկյան տալ մի վնաս,
Բերան զարկել ցորեն-գարուն, -
Ֆերմաները գյուղը թողած
Դեպի յայլաղ են բարձրանում:
 
Եվ մինչ Արտոն խոսքից հետո իր հարգալից
Անմիջապես հոտն է շարժում ուլ ու գառի,
Մեքենավար Արշավիրը ԶԻՍ-ն է իսկույն գործի դնում:
Կթվոր կանայք աղմկում են, կանչում, գոչում`
Խլացնելով անգամ ձայնը մեքենայի:
Երեխեքը թռվռում են ավտոյի շուրջ`
Խանգարելով սրա-նրա շտապ քայլին:
 
Կիսով բարձված ԶԻՍ մեքենան
Զբաղեցնում է մեկ-մենակ
Հեղուշն իր յոթ տղաներով:
Դե ի՜նչ կասես, հո հասարակ
Կթվոր չէ նա, այլև արդեն
Տե՛ս. «Մայրական փառք» ստացած
Հերոս մի մայր,
Որի համար
ԶԻՍ-ն էլ քիչ է, եթե կուզեք:
Դե, ինքներդ ահա տեսեք:
 
Յոթ երեխա` իրար նման,
Ասես ելած լոկ մի ձվից,
Նույն մազերը` սաթի նման,
Նույն աչքերը` ծովից ծավի,
Հագուստներն իսկ իրար նման`
Նույն կտորից ու նույն ձևի:
 
Յոթ երեխա` յոթն էլ տղա
Եվ յոթի մեջ` ոչ մի աղջիկ:
- Դե պատճառը հենց էդ եղավ, -
Հեղինեն է մեկ-մեկ բացվում, -
Ուզում էի ծնվի աղջիկ,
Բայց ծնվում էր նորից տղա,
Նորից էի բախտս փորձում,
Եվ էդպես էլ աղջիկ չեղավ…
 
Եվ Հեղինեն շրջապատված
Իր յոթ կայտառ տղաներով,
Գլխին կապած կապույտ լաչակ,
Հագին գոգնոցը սպիտակ,
Իր աչքերով մեծ ու վճիտ
Ծիծաղում է չարաճճի…