IV

Յայլաղ տանող ճամփան բանուկ
Ասես երկինք է քեզ տանում:
Ձգվում է նա ոլորվելով,
Մեկ` ընկնելով, մեկ ելնելով.
Կախվում է նա կիրճի վրա`
Ասես նրա խորքն է չափում.
Թառում է նա լանջին լեռան`
Ասես խաղում «տափուկ-տափուկ».
Հետո կատարն է բարձրանում`
Ասես մի պահ շունչ է առնում
Այն կալաչափ տափարակին,
Ուր երբ արևն է խոնարհվում,
Թվում է, թե ձեռքդ պարզես
Կհասցնես արեգակին:
 
Եվ չնայած արևն այդքան
Մոտ է թվում այդ կատարին,
Բայց և այնպես բոլոր տարին
Նրա վրա ձյուն կա ու կա:
Սարն էլ հսկա գնդի նման
Կլոր` ասես հղկված ձեռով,
Հասկանալի այդ պատճառով
Գնդասար է կոչվում հիմա:
 
Հեղուշն արդեն տեղ է հասել,
Եվ չուզելով զուր սպասել
Ուշ մնացած ընկերներին,
Կապոցներն է քանդում-հանում,
Իր դույլերն է լավ լվանում`
Աչքի տակով հետևելով
Ճլվլացող տղաներին,
Որ աղմուկով, ուրախ ճիչով
Կանաչների, սեզի միջով
Թռչկոտում են, ծաղիկ քաղում,
Ընկնում, ելնում, տարված խաղում:
 
Մկրտիչն է հասնում շուտով
Վրնջացող իր աշխետով:
-Բարև՜, Հեղո՛ւշ:
-Հազա՛ր բարի…
-Բարի գալո՜ւստ, ընկեր վարիչ…
-Բարի լո՛ւյս Ձեզ:
-Բարո՛վ հազար…
 
Ու դեռ չանցած մեկ-երկու ժամ,
Տեղ են հասնում բոլորն արդեն:
Չանցած ևս մեկ-երկու ժամ
Տեղավորվում, հանգստանում
Սա` հոլիկում, նա` վրանում
Ու ելնում են նորից ոտի`
Սպասելով մեկն իր հոտին ,
Մեկը` դարձին իր կովերի,
Որ գալիս են, ձգվում վերից:
 
 
-Ո՞նց վերջացավ, ընկեր վարիչ,-
Բոլորի տեղ հարց է տալիս
Հեղուշը, երբ իրիկնանում 
Ու հոտերը դաշտ են գնում:
-Ոնց վերջացա՞վ: Առաջվա պե՛ս, -
Մկրտիչն է պատասխանում: -
Թորգոմն էլի չի հասկանում,
Մեղադրում է և՛ ինձ, և՛ քեզ,
Որ մենք կյանքի հետ չենք գնում,
Ետ ենք մնում:
-Թող ի՜ր մասին ,
Իր պալատի մասին խոսի:
-Խոսում էլ է, ի՛նչ ես կարծում,
Բա թաքցնել էլ հո չի փորձում:
 
Եվ զրույցը դառնում է լուրջ`
Պտտվելով անցյալ օրվա
Կոլվարչության ժողովի շուրջ: