I

Ուշ գիշեր է: Գյուղի վրա արդեն քնած
Տարածվել է հանդարտություն մի անձկալի:
Միայն կալսիչն է աղմըկում, այն մեքենան,
Որի ձայնը անպակաս է ամռան կալից:
 
Կարոն, նստած սեղանի դեմ,
Ինքնահոսով (թանկ նվերը քեռի Յանի`
Սլովակյան նախկին խառատ-պարտիզանի,
Որ Կարոյին է ընծայել:
Երբ Սոֆիա են մերոնց մտել),
Նա նամակ է գրում հիմա
Իր ընկերոջը` Սերգեյին:
 
Մի պահ տրվում է մտքերին…
…Անց կենալով կռվի դաժան
Անագորույն ճանապարհով
Միշտ միասին և անբաժան`
 
Ռուս Սերգեն ու հայ Կարոն
Մաքառումով ու պայքարով
Պերեկոպից Բեռլին հասան`
Իրենց սրտում արծածելով
Խաղաղ կյանքի կրակն այրող:
 
Հաղթանակով ետ դառնալով
Ամեն մեկը դեպի իր տուն,
Նրանք տարան իրենց սրտում
Մի այնպիսի մտերմություն,
Որ ոսկու պես չի ժանգոտում:
 
Փոստի բանուկ ճանապարհով
Անվերջ եկան ու գնացին
Նամակները հարանման`
Զինվորական սովորությամբ
Հատուկ ծալված` սրտի նման:
 
Բարևներ ու ցանկություններ
Եվ հարցումներ խիստ գործնական.
-Ձեր կոլխոզում ի՞նչն է պակաս…
-Դուք ի՛նչ ունեք և ի՛նչ չունեք…
-Հարցնում է քեզ Խեչան քեռին
Դաշտապաշտպան անտառներից:
Ձեզ մոտ ո՞ր ծառն է լավ աճում:
-Ախր չունենք մենք սերմ կեչու…
-Սերմը ոչինչ, մենք կուղարկենք:
Մի դու գրիր` ո՞նց եք անում,
Որ այնպես լավ է դիմանում
Ձեր պանիրը «Դարալագյազ»
(Որ կերել ենք մենք ֆրոնտում):
Նա շատ շուտ է մեզ մոտ հոտում:
Գրիր տեսնենք ինչն է պակաս:
-Դա հեշտ է շատ: Մի դու ասա.
Մեկ հեկտարից ինչքա՞ն կտաք…
-Կանչում ենք ձեզ սոնցմրցության:
Ձեր լիազորն եմ ես այստեղ,
Իսկ քեզ այնտեղ` ձեզ մոտ, անշուշտ,
Մեր վստահված անձն ենք հաշվում…
 
Նամակներն են գնում-դառնում,
Եվ հեռակա նամակներով
Երկու մեծ գյուղ, երկու կոլխոզ
Իրար հետ են ծանոթանում:
-Ձեզ բարևներ Դանել քեռուց,
Նա քեզ շատ է մտաբերում,
Հարցնում է նա` մեղվանոցից
Ինչքա՞ն է ձեր բերքը միջին:
-Հա՛, բարևիր և Մկրտչին,
Հայտնիր նրան, որ փաթեթով
Նա կստանա, և շատ շուտով,
Շատ օգտակար մի բրոշյուր
Ե՛վ ֆերմայի, և՛ իր համար:
Այսպես ահա` 
ամեն նամակ,
Որ գնում է ու ետ դառնում,
Պատկանում է ամբողջ գյուղին,
Ողջ կոլխոզին է պատկանում:
 
Բանն այս ձևով այնտեղ հասավ,
Որ երբ Կարոն անցած ձմեռ
Այցի գնաց Բորիսովո,
Ոչ թե միայն Սերգեյը մեր,
Այլ նրա հետ կոլխոզը ողջ
Դիմավորեց Կարապետին,
Որպես մոտիկ հարազատի:
 
Եվ կատարվեց նույնը նաև
Այս գարնանը: Շրջգործկոմի
Շոֆեր Հայկը միտն է պահել
Ու պատմում է սրան-նրան:
Դեռ չհասած Սովետաշեն,
Նա կանգնում է ջուր վերցնելու
Եվ ուզում է շարժվել առաջ,
Երբ մի քանի երեխաներ
Ճանապարհին են կտրում նրանց:
-Այս ի՞նչ գյուղ է, երեխաներ,-
Լսվում է ձայնը Սերգեյի:
-Դե մեր գյուղն է, էլ ո՞ւմ, քեռի:
-Ա՜յ դու ճստիկ, - և մեղմաձայն
Ծիծաղում է ուրախ քեռին:-
Այդ իմացանք, բայց դուք ասեք
Ո՞նց է կոչվում:
-Սովետաշե՛ն:
-Իսկ դուք, քեռի, ո՞վ կլինեք,-
Երեխան է հարցնում հիմա:
Ծիծաղում է քեռին կամաց,
Ուշացնում է պատասխանել:
Երեխեքը մոտ են գալիս,
Մի պահ նայում, զննում նրան,
Եվ ի՜նչ…
Հանկարծ միանգամից
Եվ համարյա միաբերան
Բղավում են.
-Սերգե՜յ քեռի…
Աղմկում են, ուրախ կանչում.
-Տո, մենք ինչպես չհասկացանք…
Եվ թողնում են ու գյուղ փախչում,
Որ շուտ հայտնեն լուրն ամենքին`
Մոռանալով մանկան նման,
Չհիշելով, որ մեքենան
Իրենցից լավ վազել գիտի…