II

Ահա նորից անասնաբույժ
Ընկերոջն է գրում Կարոն:
Ե՛վ իր կողմից, և՛ ողջ գյուղի
Նախ հղում է հազար բարով,
Այնուհետև պատմում սիրով,
Իր, կոլխոզի կյանքից: Կարոն
Նույնիսկ ինքն էլ չի նկատում,
Թե աննկատ խոսքը մեկ էլ
Ինչպես հանկարծ հեռվից եկել
Ֆերմայի շուրջն է պտըտում:
-«Մեր կողմերում հնուց ի վեր
Սովորույթ է. ամեն ձմեռ
Ձյունն է պատում երբ քար ու սար`
Խորխորատներ, ծերպեր, ձորեր
Դարձնելով հարթ հավասար,-
Ոչխարների հոտերը հոծ
Միշտ քշում են ձմեռանոց: 
Լեռներն այնտեղ բուրգերի պես
Բարձրանում են իրար վրա,
Բազմահարկ են կազմում ասես.
Ձորերն, ինչպես թրեր հատու
Նրանց լանջերն են կտրատում`
Բաց անելով լայնաբերան
Քարափներ ու անտակ վիհեր:
Այդ ձորերը քարայծների
Հայրենիքն է: Ձորի միջով
Մեկ էլ տեսար սլացավ վեր
Կամ թե հարյուր մետր վերից`
Ուղղահայաց քարափներից
Լողորդի պես ներքև նետվեց
Ահաբեկված մի խենթ քարայծ`
Միշտ ընկնելով եղջյուրներին,
Որ նման են զույգ ծառերի
Նրա գլխում արմատ խրած…
Եվ մեր այդ վեհ լեռնաշխարհի
Համարյա թե ամեն սարի,
Ամեն վիհի, քարափի մեջ
Բացվում է մի փոքրիկ կամ մեծ,
Նեղ կամ արձակ
Մութ քարանձավ:
Սովորությամբ մեր պապերի,
Գուցե արդեն երկար դարեր,
Այս կողմերում կարգ է դառել.
Ամեն ձմեռ, ամեն տարի
Ղշլաղ քշված հոտը պահել
Այս այրերում հսկայական:
Ի՞նչ կա այստեղ անբընական:
Դատողությամբ առողջ ու պարզ
Այլ կերպ վարվել չէր կարելի.
Քարայրը նախ` տաք է, ապա`
Լավ պահում է ու պահպանում
Հոտը գողից ու գայլերից:
Այսպես են միշտ ձիգ դարերից
Մինչև այսօր դատել մերոնք,
Եվ նրանց հետ, Սերգե՛յ, ես էլ:
Ինչպես անցներ մեր մտքերով,
Թե գեղեցիկ մի օր կգա,
Եվ այն, ինչ որ խիստ բնական,
Պարզ էր թվում մեր բոլորին,
Կհարուցի կասկած խորին:
Եվ հարուցեց
Կասկածն այդ մեծ
Քեզ քաջ հայտնի Միկիչ քեռին:
Երեկ եկավ դիմեց նախ ինձ,
Թե սխալ է – հոտ ու նախիր-
Տանել պահել քարայրներում:
Անցած ձմեռ նա կուրսերում
Սովորել է, թե ուղղակի
Քարանձավը հոտի համար
Ոչ թե հարմար կամ անհարմար,
Այլ մահացու է կրկնակի:
Ծանր հոտը ամոնյակի
Եվ ծանրածի,
Եվ ծնվածի,
Ուլի, գառան
Մահն է միայն:
Այնուհետև,-ասում է նա,-
Ամեն անձավ, ամեն քարայր
Շտեմարան է վարակի:
Ամեն տեսակ տիզ վարակիչ,
Ամեն տեսակ միկրոբ, բացիլ
Այնտեղ դառնում են «պահածո»:
Եվ վարակի հարցից բացի`
Լո՜ւյսը…Նույնիսկ «լուսն աստծո»
Չի թափանցում այնտեղ բնավ:
Օդը այնտեղ գաղջ է, խոնավ,
Ծանր ու հոտած: Երբ այդ օդին
Վառված մարխը չի դիմանում,
Է, ինչո՞ւ ենք մենք զարմանում,
Որ ոչխարի, գառան հոտից
Ամեն տարի` ամեն գարուն
Մենք տալիս ենք ծանր կորուստ:
Եվ Միկիչը մի կոշկի մեջ
Զույգ ոտները դրած ամուր,
Բարձրացրեց երեկ աղմուկ`
Պահանջելով, որ այսուհետ
Մեր հոտերը ոչ մի դեպքում
Ձմեռանոց էլ չքշենք:
Իսկ դա ի՞նչ է նշանակում.
Այն, որ պիտի ձայնը լսենք
Մենք գիտության. ոչ թե քշենք
Հոտը լցնենք քարայրի մեջ,
Այլ հենց գյուղում` արձակ ու մեծ
Ձմեռանոց շինենք հիմա
Ոչխարների հոտի համար`
Ըստ գիտության պահանջների
Մեծ, լուսավոր, տաք ու հարմար…