I
Վաչեն, Միկիչի անդրանիկ որդին,
Երբ քիչ էր մնում ուսումն ավարտի,
Իմացավ` գյուղում շինել են ուզում
Ակումբի նոր շենք, և դրա համար
Նրա դարձին է Թորգոմն սպասում:
Ու երբ ավարտվեց` դիպլոմն ստացավ,
Նա իր շրջանի ինժեներ դարձավ:
Նոր շքեղ ակումբ հայրենի գյուղում…
Այն թանկ, սիրելի ու ծանոթ հողում,
Ուր մանկությունն է անցկացրել նրա,
Ուր խաղացել է նա պահմըտոցի,
Եվ ուր քարաշեն դպրոցից բացի
Քարաշեն ուրիշ ոչ մի տուն չկար,-
Նրա աչքի դեմ մի գեղանկար
Պատկեր էր փռվում:
Արյունն էր եռում
Երիտասարդի երակների մեջ
Ու մղում նրան խիզախումների
Որ ձուլվում էին գեղեցիկ ու պարզ
Նախագծերում կառուցումների…
Մարմին է առնում ակումբը արդեն:
Նա բարձրանում է հենց իրենց տան դեմ,
Այն գյուղամիջյան բլուրի վրա,
Որ մանկությունից ծանոթ է նրան:
Ինչքա՜ն է այնտեղ խաղացել Վաչեն:
Քսան տարի է եկել ու անցել,
Բայց նա հիշում է այնքան պարզ հիմա,
Կարծես թե երեկ, հենց երեկ լիներ…
_________
Ահա այստեղ` այս բլուրի լանջի վրա
Խաղում էին նրանք այնժամ «կարմիր-բուրժույ»:
Ամեն մեկը աշխատում էր «կարմիր» լինել,
«Բուրժույ» լինել ոչ մի տղա չէր հանդուրժում:
Եվ վերջապես, հենց այդ օրը նրանց համար
Գտնվել էր մի լավ հնար, և ի՜նչ հնար.
Ով որ դասը պատմում է վարժ,
Ով որ ճիշտ է խնդիր լուծում,
Ով ճարպիկ է, արագաշարժ,
Նա կարմիր է` առանց վեճի,
Ով որ չար է, փնթի ու ծույլ,
Նա «բուրժույ» է:
Ա՜յ լավ վճիռ:
Երկրորդ օրն էր` արդեն նրանք առանց վեճի
Խաղում էին, ինքն էլ շարքում «կարմիրների»:
Խաղում էին:
Հանկարծ վերից
Քրտնակալած և հևալով
Մեջտեղ մտավ թլդիկ Գալոն:
Եվ ձայն տվեց նա կատաղած.
-Է՜յ դու, Կապո՛ւյտ ձիու տղա,
Խաղի միջից շուտ դուրս արի,
Մի՛ կեղտոտի «կարմիրներին»:
-Ո՞վ է Կապույտ ձիու տղան:
Եվ տղաները հարցական
Լուռ նայում են իրար երես:
-Ո՞վ է, ահա՛, նայե՜ք, հրես,-
Ցույց է տալիս նա Վաչեին:
-Ի՞նչ, բատրակի, չքավորի,
Հարազատի միակ որդո՞ւն,-
Վաչեն գոռում մեծավարի,
Թափ է տալիս փայտը օդում,
Բայց նույն պահին, շնչակտուր,
Տեղ է հասնում նաև Վանին
Եվ Գալոյի խոսքն է պնդում:
Ու Վաչեին այդ օրվանից
Խաղից հանում են, վռնդում…
Հայրը ուներ կապույտ մի ձի
Եվ այդ կապույտ ձիուց բացի
Մի սև արջառ` գնված հերու
Եվ մի կապոց ջուլ ու փալաս:
Եվ կոլխոզ էր այդ ձին տարել:
Ի՞նչ էր եղել – ի՞նչ իմանաս-
Մրսե՞լ էր ձին, ջո՞ւր էր առել,-
Վեր էր ընկել
Գոմում սատկել:
Եվ Միկիչն էլ իմանալով,
Առաջին պահ խիստ վրդովված
Ձիու համար սաստիկ ցաված,
Գնացել էր, գոռգոռացել
Եվ խոսքի մեջ սպառնացել,
Թե կոլխոզից դուրս է գալու:
Եվ նրա պես մերկ ու ջլուտ
Բատրակները, որ միասին
Հենց նրա հետ նոր կոլխոզի
Հիմքերն էին երեկ դրել,-
Կատակի են տալիս նրան,
Հռհռում են նրա վրա.
-Հենց դո՜ւ էիր միայն պակաս…
-Մի՛ ծիծաղեք, կյա՛նքս վկա,
Էսպես եթե մենք աշխատենք,
Մեր կոլխոզից բան դուրս չի՜ գա,-
Դեռ վրդովված,
Սիրտը ցաված
Մկրտիչն է վրա բերել,-
Էդպես լինի` կյանքս վկա,
Դուրս եմ գալիս ես կոլխոզից:
-Ա՛յ մարդ, արի անկեղծ խոսիր,-
Շարունակել են կատակել
Ընկերները: - Ասա՛ անկեղծ,
Չլինի՞ թե երազիդ մեջ
Կուլակներն են փսփսացել:
Մկրտիչն է խիստ բարկացել:
-Հիմար-հիմար դուրս մի՛ տվեք,
Կյա՜նքս վկա, թե չէ, տղերք…
-Թե չէ իսկույն դո՞ւրս եմ գալիս:
-Դուրս եմ գալու, բա ի՞նչ, հիմա՛ր,
Ծաղրի բա՞ն եմ ես ձեզ համար:
-Էլ ինչո՞ւ ես զուր սպասում,-
Ընկերներն են ծաղրով ասում:
Հայտնի համառ, ինքնասածի`
Նա այլևս ետ չի դառնում
Վայրենական իր ասածից,
Եվ որպեսզի, բոլոր նրանց
Ծաղրում էին ովքեր նրան
Բարկացընի, - ինքնասածին
Բղավում է.
-Տվե՛ք իմ ձին,
Սատկել-մատկելն իմ գործը չի,
Տվե՜ք իմ ձին, դո՛ւրս եմ գալիս:
Այդ թվում է ծիծաղելի,
Եվ ծիծաղում են բոլորը`
-Որ ասում ես` կտանք էլի,
Բայց լոկ կաշին ու ոսկորը…
Բարկանում է նա ավելի,
Շուռ է գալիս ու տուն դառնում
Եվ համաձայն իր ասածին
Կոլխոզ էլ չի վերադառնում:
Այդ օրվանից հենց «Կապույտ ձին»
Մականուն է նրան դառնում…