II

Եվ հիշում է Վաչեն կրկին.
Հայրը օրվա աշխատանքից
Ետ էր դառնում իրիկվա դեմ`
Հին շապիկը խոնավացած տաք քրտինքից,
Ջարդված այնպես ու հոգնադեմ:
Նստում էր նա բակումմ դրված սալաքարին,
Որ արձակի իր տրեխները կարկատած:
Նստում էր նա շեմին իր տան
Իբրև մարմին առած կարիք,
Իբրև բախտի դաժան կատակ:
 
Ջուր էր ուզում, խմում, սրբում բերանը թաց
Իր քաթանե հին շապիկի կեղտոտ թևքով,
Եվ հանելով տրեխները մի խուլ հևքով,
Վեր էր կենում ծույլ ու դանդաղ:
Վեր էր կենում ու լվացվում
Այնպես անփույթ և ակամա,
Կարծես զոռով ինչ-որ ծանր պարտք հատուցում
Եվ ոչ մի կերպ չի հասկանում` ինչի համար:
Հետո նորից նստում էր նա սալաքարին
Եվ քարի պես համրանում էր, անշարժանում
Մինչև կինը բացեր սեղան:
Եվ այդ պահին
Փոքրիկ Վաչեն` մի դեռևս անգետ մանուկ,
Հոր մթագնած կերպարանքից խիստ սրտնեղած,
Հազիվհազ էլ լացը զսպում և ցանկանում
Ցնցել հորը, որ արթնանա,
Կամ բեղերից քաշել նրա,
Որոնք իբրև փակագծեր
Պահում էին ինչ-որ խնդիր,
Որ ոչ մի կերպ փոքրիկ որդին
Ջանում, բայց չէր կարողանում
Ո՛չ բաց անել և ո՛չ լուծել…
 
Իսկ մինչև այդ` մայրը ներսում
Կեղտակորույս սուփրան գցում,
Դրսից նրանց ներս էր կանչում:
Թանապուրը սուփրի վրա
Թվում էր մի տաքուկ երազ,
Որ գոլորշու հետ միասին
Կարծես ինչ-որ հույս էր ցրում,
Ինչ-որ պատրանք` երազավետ
Եվ ապահով կյանքի մասին:
Մինչդեռ կողքից եփած մսի
Սուր բուրմունքն էր օդը բռնում:
Դա կոլխոզնիկ հարևանն էր
Աշխատանքից վերադառնում…
 
Օրըստօրե պարզ էր դառնում,
Որ Միկիչը շատ է զղջում
Համառության, իր արածի,
Իր գործածի համար: Սակայն
Ծնված համառ և անզիջում,
Հայտնի իբրև ինքնասածի,-
Խոսք չէր անում վերադարձի:
Նույնիսկ Թորգոմն անցյալ անգամ
Խոսք էր գցել.
-Հը՞, Կապույտ ձի,
Չձանձրացա՞ր մենակ ման գալ:
-Շատ և շատ եմ շնորհակալ,-
Մկրտիչն էր ասել զոռով
Եվ շուռ եկել դեպի իր տուն`
Երեխայի նման խռով…
 
Վերհիշում է Վաչեն կրկին.
Բարձր ձայնով, եռանդագին
Դաս էր սերտում տաք քուրսու տակ:
Հայրը` օրվա թերթը ձեռքին
Շուռ էր տալիս աննպատակ:
 
Դաս էր սերտում.
-Եվ կոմունան
Չդիմացավ, ընկավ շուտով,
Որովհետև…
Հայրը փութով
Ընդհատում է.
-Էդ թող մնա,
Հալա դու մի առ է՛ս կարդա,
Տեսնենք ի՛նչ կա լրագրում,-
Եվ հայացքը սուր ու անթարթ
Լրագրին է երկար հառում:
 
Եվ անսովոր այդ շրիֆտին`
Կակազում է փոքրիկ որդին
Ու հեգում է՝ «Գըլ-խա-պը-տույտ
Հա-ջո-ղու-թյուն-նե-րից»:
Կարդում, 
Չի հասկանում որդին: Սակայն
Հայրը աչքերն իսկ չի թարթում,
Հասկանում է հայրն անկասկած,
Ու ելնելով տեղից հանկարծ
Մոտ է գալիս հայրը որդուն
Ու քիչ հետո նրան դիմում.
-Վերցրու մի թուղթ, գրիչդ առ:
Վերցրի՞ր արդեն: Գրիր.
«Դիմում.
Սույնով գալիս եմ հայտնելու,
Որ ես հերու
Դուրս եմ եկել կոլեկտիվից»:
Գրիր պրծա՞ր: Հիմա գրի՛ր.
«Սույնով գալիս եմ ես առ այն,
Որ չեմ կարող ապրել առանց
Կոլեկտիվի»…
Պրծա՞ր: Գրի՛ր.
«Նաև առ այն, որ հավատաք,
Թե այլևս ոչ մի կատակ
Անխելքության ինձ չի մղի,
Չեմ համառի ես անտեղի»:
Մեկ էլ վերից
Կարդա նորից:
Շա՛տ լավ, գրի՛ր.
«Նաև առ այն,
Որ ես ունեմ մի մեծ խնդիր.
Այն խոսքը, որ դարձավ առակ,
Ինձ շինեց խաղք ու խայտառակ,
Իբրև անուն կպավ անձիս,-
Հակա խոսքը` այն «Կապույտ ձին»
Էլ չհիշեն և մոռանան:
Դիմող`
Միկիչ Թորամանյան»: