III
Եվ մոռացվեց այդ «Կապույտ ձին»
Նորից կոլխոզ ընդունեցին
Եվ Թորգոմի առաջարկով`
Դաստիարակման նպատակով,
Մկրտիչին վստահեցին
Ամբողջ ֆերման:
-Ուներ մի ձի,
Հիմա ունի յոթանասուն:
Հենց դրանով կհասկանա,
Որ ինքն ունի ոչ թե մի ձի…
-Միանգամայն ճիշտ ես ասում,
Եվ, բացի այդ, -վրա բերեց
Քարտուղարը պարտբջիջի,-
Այն մարդը, որ աղմուկ արեց,
Կռիվ գրեց ու համառեց
Մի նժույգի, ձիու համար,-
Պետք է կարծել, որ շատ հարմար
Վարիչ պիտի դառնա հիմա
Մեր ֆերմայի…
Ու ֆերմայի
Վարիչն է նա մինչև այսօր:
Եվ արդ Վաչեն ակամայից
Վերհիշում է հորն այն պահից
Մինչև հիմա, երբ քիչ առաջ
Ուրիշների և իր առաջ
Նախագահը նրան կոչեց
Այն մոռացված մականունով:
Եվ առաջին անգամ Վաչեն
Հանգիստ ու լուրջ միտք անելով`
Ինքը իր մեջ խիստ ամաչեց:
Ախր ինչպե՞ս նա չամաչի,
Երբ որ նրա մեղն էլ քիչ չի:
Երիտասարդ հոգին նրա,
Երազներով այնքան լեցուն,
Բորբոքում էր, յուղ էր լցնում
Այն կրակի, հրի վրա,
Որ Թորգոմն էր վառել այստեղ:
Մինչդեռ պետք էր նրան սաստել,
Ինքը Վաչեն ամեն անգամ
Թև էր տալիս նախագահին,
Նշում գալիքն այն մոտակա,
Երբ կյանքը քաղաքային
Պիտի իշխի կոլխոզներում:
-Կոմունիզմի ենք մոտենում:
Գյուղի միջև և քաղաքի
Ամեն տեսակ տարբերություն
Պիտի ջնջվի՜…
Դուր էր գալիս նրան սաստիկ,
Որ աճել են գյուղի մարդիկ:
Ահա թեկուզ բրուտ Ավոն:
Որտեղ նստի ու վեր կենա,
Մեռած բան է բրուտ Ավոն
Միշտ նույն բանից խոսք կբանա.
-Գիտե՞ք, մեզ դեռ ինչն է պակաս.
Տներ չունենք կուլտուրական,
Ասենք` ունենք, թե ուրանամ
Զույգ աչքերով թող կուրանամ:
Ունենք և` լավ - տաշած քարով,
Կահավորված և լուսավո՛ր:
Բայց կտուրը… էլի հողից,
Պապենական ծածկը նորից:
Իսկ դու ապա գնա, որդի՛,
Էլ չեմ ասում թե Ռուսաստան,
Գնա Լոռի կամ Շամշադին,
Գնա նայիր ամեն մի տան,
Հետո արի նստենք խոսենք:
Էնտեղ, որդի՛, ամոթ ասել,
Նույնիսկ ոտաց ճանապարհին
Դու կտեսնես կարգին «կռիշ»,
Հենց իսկական, քաղաքաձև:
Քո կարծիքով նրանք ուրիշ,
Իսկ մենք ուրիշ կաթ ենք ծծել:
Ինչո՞վ ենք մենք ախր պակաս.
Սովետակա՞ն` սովետակա՛ն,
Կոլխո՞զ` մենք էլ հո անհատ չենք:
Բա էլ ինչո՞ւ մենք ամաչենք
Ու ետ մնանք մեր դրկիցից,
Ինքներդ ասեք, ախր ինչի՞
Եվ ի՞նչ է պետք, ոսկի՞, թե՞ կավ:
Կա՜վ, որ տափակ բլիթ շինես,
Կրակի մեջ թրծես մի լավ,
Եվ վերջացա՜վ:
Կավն է պակաս,
Իսկ մեր սարում ինչքա՞ն կավ կա,
Էդ հո գիտենք ե՛ս էլ, դո՛ւք էլ,
Էլ ի՞նչ մնաց: Ախպեր, եկեք
Հենց էս տարի, եկող գարնան
Շինենք համեստ մի գործարան
Համ մեզ համար, համ մեր խերին,
Կօգնենք նաև սրան-նրան`
Մեր հարևան կոլխոզներին…
Եվ խորհում էր հաճախ Վաչեն,
Թե հայրը ետ է մնացել,
Որովհետև հաճախակի
Կշտամբում էր իր զավակին.
-Շա՜տ ես, տղա՜ս, առաջ անցել:
Դա, սիրելիս, այո, գուցե
Նույնիսկ շատ ետ մնալուց էլ
Վնասակար է, վտանգավոր:
-Ճիշտ ես ասում, ախր, քավոր…
Դարբին Գեղամն էր ներս մտնում,
Հետո դիմում նախագահին:
Բայց Թորգոմը շուտ էր գտնում
Պատասխանը.
-Գեղա՛մ ուստա,
Գյուղիդ անունն ապա մի տա՞ս:
-Ձեռ ես առել, ա՜յ հանաքչի:
Առաջ կոչվում էր Չարոխչի,
Իսկ հիմա էլ` Սովետաշեն:
-Այ, օրհնըվա՜ծ, այ տնաշե՜ն…
-Լավ, իսկ ի՞նչ է նշանակում,
Ուստա Գեղամ, Սովետաշեն,-
Մեջ էր մտնում նաև Վաչեն:-
Սովետաշե՞ն` Սովետաշեն,
Ուրեմն եկեք անենք այնպես,
Որ Չարոխչին հենց իսկապես
Այժմ դառնա Սովետաշեն:
-Է՞, սանիկիս խելքին աշե,-
Ծոր էր տալիս Գեղամ ուստան,-
Եթե միայն տաշած քարով,
Ասֆալտապատ ճանապարհով
Պիտի դառնանք Սովետաշն,
Այն ժամանակ, ա՛յ տնաշեն,
Դու իզուր ես քո գրպանում
Էդ «դիպլոմատը» պինդ պահում
«Դիպլոմատը» վնաս չունի,
Դեռ թող մնա: Մյուս կողմից`
Բա քո տո՞մսը պարտիական:
Թե էդպես ես դատում, սանի՛կ,
Այն ժամանակ, աստված չանի,
«Դիպլոմատը» ու տոմսը քո,
Պիտի քաշեն հակառակ կողմ…
Եվ առաջին անգամ Վաչեն
Միայն այժմ անդրադարձավ
Ծերուկ դարբնի ասած ոսկի
Կենսափորձից եկած խոսքին:
Նրա մտքով այժմ անցավ,
Որ իսկապես տվյալ դեպքում
Իր պարտտոմսը, ո՛չ, չի՛ ների
Խանդավառված ինժեներին,
Որ սանձազերծ ու խենթ վազքում
Շեղվել է ճիշտ ճանապարհից:
Ճիշտ էր հայրը, ուստան էր ճիշտ,
Ճիշտ էր նաև բրուտ Ավոն:
«Կղմինդըր էր մեզ հարկավոր,
Ձմեռանոց էր անհրաժեշտ:
Կարելի էր անել դա հեշտ:
Շենքի վրա մսխած փողով
Կարելի էր գյուղում շինել
Կղմինդրի չորս գործարան,
Մի յոթ-ութ գոմ պլյուս դրան,
Պլյուս դրան մի տաս տներ,
Պլյուս դրան և մի ակումբ,
Սակայն ոչ թե այն «օպերան»`
Վեր բարձրացած բլրի վրա»…