I
Իջնում է մութը մեղմորեն,
Լեռան քամին է արթնանում
Եվ սկսում մեղմ օրորել
Դեռ նոր բացված այն մասրենուն,
Որ աճում է այս կողմերում
Ոչ թե փափուկ լավ հողերում,
Այլ ժայռեղեն քարափների
Ու ծերպերի ճղաքներում,
Կարծես առանց արմատների,
Կարծես միայն պինդ սոսնձով
Ժայռի կողքին կպած մի կերպ:
Մագլցում է ձորի միջով
Մառախուղը շղարշակերպ:
Ստվերներն են իջնում ծալ-ծալ
Ու կնճիռներ տալիս սարին,
Եվ պռունգից Գնդասարի
Բարձրանում է լուսինն արծաթ`
Մառախուղի քողի ներքո:
Այդ պահին է, որ սրնգի
Ոլորուն ու անբառ երգով
Ետ են գալիս արոտներից
Գառ ու նժույգ, կով ու երինջ:
Ցուլի մզզյուն, ձիու խրխինջ,
Ուլի մկկոց, գառան մայուն
Հորթին կանչող կովի բառաչ,
Ճղճղոցը կթվոր կանանց
Տարածվում է ողջ ֆերմայում:
Եվ բազմաձայն այդ համերգում
Կաթնազտիչ զույգ մեքենան
Նույն եղանակն են միշտ երգում`
Որ ընդհատվում է մերթ ընդ մերթ
Դույլի, թասի զրնգոցից:
Թողած իրենց պահմտոցին`
Երեխաներն արխաջի մեջ
Զրույցի են նստում սիրով:
Մեկն ուզում է դառնալ հերոս`
Ստեփանյան Նելսոնի պես.
Մեկն ուզում է դառնալ վարպետ`
Ինչպես քեռին, որ քաղաքում
Գործարան է մենակ սարքում:
Մեկը` արդեն մի երկրաբան,
Գնդասարն է ուզում քանդել,
Որ իմանա ինչ կա այնտեղ.
Չորրորդը, մի չարաճճի,
Որ չի ուզում նրանց զիջի,
Ետ մնա իր ընկերներից,-
Խոսք է գցում ավտոներից:
Դեռ մեզանից ո՞ւմ հայտնի չի
Պարզությունը նրանց մտքի,
Երբ էլ լինի` մեկի խելքին
Հանկարծակի եթե փչի
Ավտոների մասին հիշել,-
Այստեղ արդեն բոլոր նրանք
Մոռանալով, որ մի վայրկյան,
Մի պահ առաջ իրենք վարպետ,
Հերոս էին ու երկրաբան,-
Շոֆեր դառնում անմիջապես
Ու խոսում են, այն էլ ինչպե՜ս:
Այստեղ արդեն ամեն տղա
Գիտակ է և լավատեղյակ
Եվ կարող է խիստ լրջորեն
Ցույց տալ բացերը «Մոսկվիչի»,
«Պոբեդայի» կողմերը լավ,
Եվ ինչն է նոր «ԶԻՍ-երի» մոտ…
Եվ աղմուկը նրանց վեճի
Հնչեր գուցե մինչ առավոտ,
Բայց… պահեստի փոքրիկ բակում
Արան սրինգ է նվագում:
Կանգ են առնում ղեկ ու մոտոր
Եվ իջնելով «ավտոներից»
Երեխաներն արդեն ոտով
Ինքնամոռաց` վազ են տալիս
Ու նստոտում գետնին, քարին,
Որտեղ արդեն քույր, մայր ու տատ`
Մեկի ձեռքին գուլպան կիսատ,
Մյուսներին` գիրք, լրագիր,
Ունկնդրում են նվագին:
Գեղգեղում է սրինգն անուշ,
Մեկ դառնում է թույլ ու անուժ,
Մեկ հնչում է ուժգնությամբ
(Բարակ ձայնը դառնում է թավ).
Մերթ ճչում է զվարթորեն
(Պատահել է ասես լավ բան).
Մերթ ընկնում է սարեր-ձորեր
(Կորցրել է ասես ճամփան).
Մերթ լալիս է, մերթ` ծիծաղում,
Մերթ` աղաչում ու մերթ`ծաղրում,
Մերթ գնում է հեռու-հեռու,
Մերթ էլ հանկարծ գալիս է մոտ…
Որքա՜ն ցավ կա այս երգերում
Եվ որքան սե՜ր, որքան կարո՜տ…