III

Երազիկը ահա եկավ:
Մի շաբաթ էր, ինչ նա չկար.
Գնացել էր նա Երևան:
Կարոտել էր Արան սաստիկ,
Երազում էր, որ շուտ մարդիկ
Խոսեն, գնան իրենց բանին,
Որ սիրածից կարոտն առնի:
Երազն հանկարծ դարձավ նրան.
-Դու այստե՞ղ ես, ո՞նց թե, Արա:
Գիշերն այստեղ ի՞նչ գործ ունես:
Ձայն չհանեց Արան մի պահ.
-Դու փոխանակ դաշտում քնես,
Հոտն ես քշել սար ու ձորով,
Բերել լցրել արխաջի մեջ:
Ո՞վ է ասել, թույլ տվել, ո՞վ:
Ի՞նչ ես լռել, խոսիր, ինչի՞,
Եվ հայտնի է դա Մկրտիչին…
Պատասխանը Արան կտար,
Բայց ոչ այստեղ, այս մարդկանց մեջ:
Ինչո՞ւ Երազն իրեն դիմեց
Նրանց առաջ այդպես օտար,
Թշնամական եղանակով,
Ինչո՞ւ այդպես անսիրտ վարվեց:
Եվ ջահելը վիրավորվեց,
Կարծես զարկվեց սուր դանակով…
 
Երրորդ օրն էր, ինչ նա քարի,
Ձոր ու սարի, ցրտի միջով
Իր հոտի հետ յուրդ էր գալիս`
Հոգում հույսի, կարոտի ծով,
Թե միգուցե իր սիրելին
Դարձել է ետ: Դեռ ավելին`
Երազում էր, որ նա երբ գա,
Իրեն շոյված ու լավ կզգա,
Որ իր Արան չի դիմանում,
Յուրդ է գալիս, սար չի մնում,
Որ շուտ տեսնի իր Երազին:
Մինչդեռ խնդրեմ, ահավասիկ…
Էլ ի՞նչ ասի, էլ ի՞նչ խոսի:
-Իսկ դու, Հեղուշ, իբր վարիչ
Ի՞նչ ես արել,-խոսեց նորից
Երազիկը,-չլինի՞ թե
Դու էլ բացի քո կովերից
Ուրիշ բանի չես խառնվում,-
Եվ Երազը նրան վերից
Մինչև ներքև այնպես չափեց,
Կարծես նրան փոխված գտավ:
-Չէ՛, ջա՜նս, չէ՛,- և Հեղինեն
Իմաստալից` աչքը ճպեց,-
Դե ես`ոնց որ անպոչ գդալ,
Այս անգամ էլ մեջտեղ մտա,
Խառնվեցի այս անգամ էլ…
Եվ նա լռեց խորհրդավոր:
Դե Հեղուշը ախր չէ՞ որ
Արային էր պատին գամել,
Բարկացել էր.-Տո՛, անգդա՜կ,
Ի՞նչ է, ուրիշ տեղ չգտա՞ր,
Որ հոտը միշտ յուրդ ես բերում,
Տղամա՞րդ ես, թե չէ տղա…
Սակայն հիմա, երբ որ տղան
Վատ դրության մեջ էր դրվել,
Հեղուշն ուզեց այլ կերպ վարվել:
Եվ որպեսզի կանանց առաջ
Տղան շատ չըկարմրատակի,
Տվեց Հեղուշը կատակի.
-Մեղավոր է այստեղ Արտոն,
Որ ամեն օր գառան հոտով
Մթնեց թե չէ` տուն է գալիս
Եվ դրանով օրինակ տալիս
Մեր ջահել ու անփորձ հովվին:
Բայց դե ոչինչ. այսուհետև
Նա կհիշի, որ փուչ Արտոն
Գառնարած է, ինքը` հովիվ,
Եվ որ իրեն չի կարելի
Հոտը քշել ու սարերից
Ֆերմա բերել:
-Գլխիդ արև,-
Իսկույն Արտոն է մեջ մտնում,-
Դու մեզ ո՞նց ես համեմատում:
Որտե՜ղ Արտոն, որտե՜ղ Արան:
Նա հովիվ է, ես` գառնարած:
Այս`մեկ: Հետո` կա և «երկու»,
Շատ կարևոր ու մեծ «երկու»:
Նա` ամուրի ջահել տղա,
Իսկ ես` Արտոս, կնիկ ունեմ:
Ես բացի այդ` ինչքան սիրեմ,
Նույնքան պիտի կեղծավորեմ:
Լավ մտածեք, կատակ հո չի.
Ես` գառնարած, վարիչ է նա,
Ես` շարքային, հերոս է նա,
Իսկ թե հանկարծ թողնի փախչի՞,
Գառնարածին թողնի մենա՞կ…
Դրա համար ամեն գիշեր
Ստիպված եմ հոտս քշել
Բերել ֆերմա և ողջ գիշեր
Սիրո քնքուշ խոսքեր ասել
Իմ Հեղուշին,
Իմ Անուշին:
Իսկ դու, Արա,
Այ ավարա,
Դու ի՞նչ ունես: Չլինի՞ թե
Դու էլ ինչ-որ «Հեղուշ» գտել,
Նրա համար քո ոչխարի
Հոտն ես քշում փափուկ սարից,
Բերում հանձնում խիճ ու քարին
Թե էդպես է, ասա նրա`
Այդ «Հեղուշ»-ի անունը մեզ,
Որ գործը տանք ժողդատարան:
Եվ թափանցիկ այդ ակնարկից
Այրվեց դեմքը Երազիկի:
Ծիծաղեցին տարեց կանայք,
Հետո` նոր խոսք ու նոր հանաք-
Մինչև Արտոն գտներ էլի
Ինչ-որ խոսքեր ծիծաղելի…