IV
Երբ ցնդեցին մշուշ ու մեգ,
Արոտ ելան հոտ ու նախիր,
Եվ արևի կիզող վախից
Ծերպերի մեջ մտավ քամին,
Նախաճաշի տաքուկ ժամին
Մկրտիչն ու Կարոն գյուղից
Ձիեր նստած բարձրացան վեր`
Եկան ֆերմա:
-Տիրուհինե՛ր,
Բարով տեսանք: Ի՞նչ եք անում,
Ի՞նչ քեֆի եք,-ժպտաց Կարոն:
-Բարո՜վ եկաք, հազա՜ր բարով,
Դե ապրում ենք, գործ ենք անում,
Ամեն մեկըս իրեն բանին:
-Կաթ ենք խմում, ուտում պանիր:
-Իսկ ի՞նչ կասեք, թե այսօր մենք
Փոքրիկ ժողով հրավիրենք
Կանաչի մեջ ու ծաղկունքի:
-Որ եկել եք, դե համեցեք:
-Միայն` մի քիչ հանգստացեք,
Մինչև ցած գան իրենց հոտով
Հովիվները:
Մի ժամ հետո
Եկան նաև Արան, Արտոն-
Գառնարածներ, նախրորդ, հովիվ,
Եվ լեռնային մարմանդ հովին,
Ծաղկունքի և կանչի մեջ
Նիստը բացված հայտարարեց
Եղյան Կարոն` բրիգադիր
Եվ քարտուղարը պարտկոմի:
-Այսօր ունենք մի լուրջ խնդիր,
Եվ սպասում եմ ձեր կողմից
Նույնքան էլ լուրջ վերաբերմունք:
Հարցը այսօր մեր հոտերի
Այսպես ասած`գիշերային
Արոտին է վերաբերում:
Թե չենք ուզում խայտառակվել
Պարտիայի և երկրի առաջ.
Թե ուզում ենք բազմապատկել
Նվաճումներւ ձեռք բերած,
Անհրաժեշտ է կազմակերպել
Գիշերային կարգին արոտ:
Լոկ այսպիսով մենք բարձր բերք
Երկրին կտանք:
Նստեց Կարոն,
Ու պարտկոմի քարտուղարին
Մկրտիչը փոխարինեց
Եվ իր կողմից էլ ավելի
Մանրամասն բացատըրեց:
Հետո Հեղուշը ձայն խնդրեց,
Եվ Երազը, Արտոն, Արան.
Ամեն մեկը խոսողներից
Ինչպես հարկն է հարցը սրեց:
Միայն տարեց չոբան Սողոն
Թերահավատ վիզը ծռեց…
Գիշերային միջադեպից
Վիրավորված ու խռովկան`
Արան սիրած իր աղջըկան
Մտքում ներեց` հասկանալով
Իր սխալը: պետք էր եղել
Կազմակերպել մթնով արոտ,
Այնինչ ինքը չոր, քարքարոտ
Եվ հոգեհան ճանապարհով
Հոտն է քշել, բերել օթա:
-Այ քեզ ջահել, գիտուն չոբան,
Իսկ ես քեզ հետ հույս եմ կապել,-
Մկրտիչն էր նրան կպել
Ոչ թե գոռալ, բարկանալով,
Այլ մեղմորեն ու հաշտարար:
-Պետք է գործել հասկանալով,
Լավ մտածել է հարկավոր,
Իսկ դու, Արա…
-Դե լա՛վ, քավոր:
Ներողություն խնդրեց Արան,
Չորացնելով քրտինքը տաք:
-Ահա քեզ ինչ խորհուրդ կտամ,-
Մկրտիչը ասաց նրան,
Ձեռքը դրած նրա ուսին:
-Լա՛վ մտածիր դու այս մասին:
Ինչ որ պիտի ասեմ ես քեզ,
Կատարում եմ կյանքում և ես,
Այդ մտքով եմ առաջնորդվում
Յուրաքանչյուր քայլափոխիս:
Եվ հասարակ, պարզ է նա խիստ:
Հարցը այս է: Ասենք թե դու
Ոչ թե այստեղ ես աշխատում`
Այս հեռավոր խուլ սարերում,
Այլ Մոսկվայում `հենց Կրեմլում:
Աշխատում ես ու դու գիտես,
Որ քո ամեն, ամեն քայլին
Աշխատանքիդ, մտքիդ անգամ
Հետևում են, դիտում նրանք`
Մեր պետության, մեր պարտիայի
Գործիչները:
Դու ո՞նց կզգաս,
Ինքըդ դատիր, երբ իմանաս,
Որ ժպտում են քեզ նայելիս,
Երբ որ քո լավ գործն են տեսնում
Եվ նայում են դժգոհությամբ,
Երբ արածդ դուր չի գալիս…
Այ, այս միտքը քանի տարի
Հետևել է ինձ անդադար: