I

Հակառակ է կարծես գնում
Լույս և մութի օրենքներին
Ամռան գյուղը: Դեռ կեսօրին
Լռությունն է կես-գիշերվա
Կարծես այնտեղ թագավորում:
Երբ խավարն է թևը փռում,
Իրիկվա հետ ծայր են առնում
Խոսք ու զրույց, աղմուկ ու վեճ:
Մարմրում են ձայներն անվերջ
Ու բորբոքվում են վերստին
Դռան առաջ մեծ պահեստի:
 
Ամեն հարկի, տանիքի տակ
Հնչում է խոսք, ծիծաղ, կատակ:
Իրիկնային ննջող քամին
Արթնանում է միանգամից,
Արթնանում է ու զով անում
Տապից այրված հող ու քամին:
Կարկաչում է նազով առուն,
Մեկ-մեկ իրեն դրսևորում
Սրա-նրա կանաչ մարգում,
Հետո կորչում մթին այգում:
 
Վարչությունում այդ նույն պահին
Մեկն իր աշխօրն է ստուգում
Ու հաշիվներ անում մտքում.
Ինչքան պիտի տանը պահի
Եվ ինչքանով նոր տան համար
Մահճակալներ գնի հարմար:
Մեկ էլ դիմում նախագահին
Եվ համոզել է աշխատում,
Որ իզուր են իրեն կալի
Պահակ կարգել: Ճիշտ չի գտնում.
-Ինչո՞ւ, ախպե՛ր, ինչո՞ւ պահակ
Չէ՜, փառք աստծո, աշխատունակ,
Առողջ մարդ եմ, ուրի՛շ գործ տուր
Եվ մի՛ անի ինձ խայտառակ
Գյուղի, 
մարդկանց,
կնկաս առաջ…
 
Իսկ ակումբի արձակ բակում
Ջահել-ջուհուլն է աղմըկում:
Ետ են գալիս աշխատանքից`
Կալից, հնձից ու ջրտուքից,
Հագնըվում են պարզ ու մաքուր
Եվ շտապում ուղիղ ակումբ:
Ոմանք ներսի լայն դահլիճում
Զրուցում են կամ տաք վիճում:
Թերթ են կարդում ոմանք լռին
Բացատըրում մյուսներին:
Այստեղ` թեքված իրար վրա,
Սպասելով իրենց հերթին,
Մի խումբ տղերք աղմըկարար
Քիչ է մնում ջարդեն նարդին:
Այնտեղ` նույնպես ամբողջ մի խումբ
Հետևում է խաղին, սակայն
Լուռ, մտազբաղ:
Ճերմակ արքան
Հակառակորդ զինվորների
Նոր հարձակման թափի առաջ
Կանգ է առել «մատի» դռան:
-Թագավորիդ արդեն, Հրանտ, 
Հիտլերի բախտն է սպասում:
-Որ այդպես է` ուրեմն ապա
Թող որ լինի և ինքնասպան,
Ասում է նա և արքային
Մեջքի վրա շուռ է տալիս…
 
Իսկ կենտրոնից կամ շրջանից
Դասախոս է երբ որ գալիս,
Զեկուցումից հետո սիրով
Պատասխաններ է երբ տալիս,
Եվ թվում է, որ դահլիճում
Բոլոր հարցերը վերջացան,
Եվս մեկի ձայնն է հնչում.
-Կխնդրեինք քեզ, ընկեր ջան,
Երկու խոսք էլ ասեիր մեզ
Դրությունից միջազգային:
Միշտ էլ` վերջում, միշտ` նույն պահին
Եվ միշտ` անկախ բուն թեմայից…
 
Եվ դասախոսն ակամայից
Ստիպված է հարցը հարգել
Ու լսում են.
-Մակի նոր կուրս…
Ողջ աշխարհը` երկու լագեր…
Վիետնամում մահ ու արյուն…
Անդրծովյան Ամերիկայում
Փնտրտուքներ նոր զենքերի,
Ջրածնային ինչ-որ գերռումբ…
Այդտեղ արդեն Դանել քեռին
Նստած տեղը չի համբերում
Ու գոչում է ձայնով ամբողջ.
Պետք է ասել էդ շան որդուն,
Թե` իզուր ես կարծում, որ դու
Կվախեցնես մեզ քո ռումբով
Ատամային…
(Կարծում եք դուք,
Ես թույլ տվի տառասխա՞լ.
Ո՛չ, կոչվում է հենց նա այդպես
Ատամայի՜ն)…
-Մենք էլ ախր
Սուր ատամներ շատ ենք տեսել
Ու ջարդել ենք, էն էլ ինչպե՜ս…
Զեկուցումից հետո նրանք
Դեռ ակումբից տուն չեն դառնում,
Եվ այս ծանոթ նյութի վրա
Մի տաք զրույց է ծայր առնում:
Սակայն այսօր…
Ո՞վ էր տեսել,
Որ զեկուցումը վերջանա
Եվ ոչ մի ձեռք չբարձրանա
Ու չհարցնի դասախոսին
Դրությունից միջազգային:
Բայց պատահեց, ահավասիկ:
«Ինչպես բաշխել կոլխոզային
Միջոցները դրամական»…
Աչքը չռել, լարել ականջ`
Լուռ լսում են դասախոսին:
Եվ խոսում է նա այն մասին`
Ինչպես որոշ կոլխոզներում
Դրամական եկամուտի
Ճնշող մասը զոհ են բերում
Շքեղ շենքեր կառուցվելուն,
Եվ դա` նույնիսկ այն ժամանակ,
Երբ որ չունեն ծատ հասարակ,
Բայց անհրաժեշտ նման բաներ,
Հարմարանքներ, պարագաներ,
Ինչպես դիցուք…
Մեկ էլ հանկարծ
Լռության մեջ հնչեց մի կանչ.
-Էլ ինչո՞ւ ես, ա՛յ տնաշեն,
Գնում հասնում հեռու-հեռու,
Եվ էնտեղից օրինակ բերում:
Հենց մեր գյուղը Սովետաշեն,
Մեր պալա՜տը…- ուստան գոռում
Ու նայում է Դանել քեռուն:
Կուլ չի գնում նա իր հերթին.
-Լամպի շուշա հո չես, ախպե՛ր,
Ի՞նչ ես ցցվել, տեղդ նստիր:
 
Բայց ձայները այս-այն կողմից
Նրա ձայնն են խլացնում.
-Չէ, ընկե՛ր ջան, այդ հարցերում
Նախագահից` մեր Թորգոմից
Ավելի լավ այլ դասախոս
Դու չես ճարի ողջ աշխարհում:
 
Իսկ Թորգոմը լուռ ու անխոս
Բեղն է կրծում ու համբերում:
Եվ թվում է` մի ողջ տարի
Եկավ անցավ, մինչև Կարոն
Ոտքի ելնում զանգ է տալիս.
-Դուք, ընկերնե՛ր, թույլ չեք տալիս,
Որ դասախոսը հարգելի
Շարունակի,
Այդ հո չեղա՜վ:
-Ինչո՞ւ չեղավ, ընկեր Եղյա՛ն,
Ես իմ հոգին, շատ լավ եղավ,-
Եվ աղմուկը ամեն կողմից
Խայթում է սիրտը Թորգոմի: