II
Գյուղը կարծես ամայացել,
Դատարկվել է կարծես հանկարծ,
Ոմանք հնձի են գնացել,
Ուրիշները` այգի կամ կալ:
Թե ճրագով անգամ ման գաս
Պարապ նստած մարդ չես ճարի,
Եվ շտապող Դանել քեռին,
Ամաչելով ինքն իրենից,
Որ կարող է թվալ պարապ,
Դարբնոց է հասնում արագ:
Ճանաչված է նա շատ վաղուց
Իբրև ամեն կարգի պահակ:
Մերթ այգի են հանձնում նրան,
Մերթ` բոստանը, պահեստը` մերթ,
Իսկ երբ արդեն ձյուն է –ձմեռ`
Գոմերը հո միշտ կան ու կան…
Եվ այս անգամ,
Եվ այս տարի
Նշանակվել է մեր քեռին
Մեղվանոցի պահակ և կամ,
Ինչպես ինքն է սիրում կոչել`
Իր նոր պաշտոնը` մեղվապահ:
(Նա` մեր ծերում սնափառը,
Շատ չի սիրում պահակ բառը,
Այդ թվում է խիստ հասարակ,
Վիրավորում փոքր-ինչ նրան)…
Բոլորն արդեն վաղուց գիտեն
Սովորույթը Դանել քեռու.
Անկեղծորեն և լրջորեն
Այն գործին է սիրահարվում,
Որ նրան է հանձնարարվում:
Գոմապա՞հն է – գոմն է դառնում
Ամեն ինչից կարևորը.
Այգի՞ն, բոստա՞նն է պահպանում`
Այս անգամ էլ ալևորը
Դրանով է հպարտանում…
Հասկանալի, պարզ է կարծեմ,
Որ բնավ էլ կարևոր չէ,
Թե, օրինակ, անցած տարի
Տեսանկյունից հանդապահի
Նա ինչպես է վերաբերվել
Ասենք թեկուզ մեղվանոցին:
-Մեղուն որն է, տո՛ վա՜զ անցիր
Երբ հաց, ցորեն կա աշխարհում,-
Այսպես կասեր Դանել քեռին
Անցած ամառ: Բայց այս տարի…
Որտեղ նստի ու վեր կենա`
Մեռած բան է – խոսք կբացի
Մեղվից, մեղրից, մեղվանոցից,
Առարկես էլ` կտաքանա,
Չառարկես էլ` կբարկանա,
Անհաշտ մեկի հետ կվիճի,
Ջանք կթափի, կապացուցի
Օգուտները մեղվանոցի…
Ու սիրում է նա հատկապես
Դարբնի հետ իր ուժը չափել:
Երկու ծերուկ, և թարսի պես`
Մեկը անչափ դյուրահավատ,
Ե՛վ սնափառ, և՛ միամիտ,
Մյուսն անչափ կասկածամիտ,
Խստաբարո և անհավատ,
Հիսուն-վաթսուն տարի ահա
Միշտ վիճում են, խայթում իրար,
Բայց և այնպես – ի՞նչ իմանաս,
Հենց միգուցե դրա համար,
Մտերիմ են մնում կրկին
Ու կոլխոզում և ոչ մեկից
Այն հաճույքը չեն ստանում,
Ինչ զգում են, երբ որ նրանք
Իրար հետ են զրույց անում:
Շատ են սիրում նրանք խոսել
Նամանավանդ կոմունիզիմից:
-Չէ՛, չենք կարող դու է՛լ, ես է՛լ
Էդ օրհնված օրին հասնել:
Մահը կգա մեզ կճզմի,-
Իր կասկածն է հայտնում ուստան:
-Ի՛նչ ես խոսում, այ անաստված,-
Տաքանում է Դանել քեռին:-
Փառ է իջել քո աչքերի՞ն:
Մի դու հապա շուրջդ նայիր,
Մի մտիկ տուր մեր աշխարհին:
Եվ մեր քեռին շիկնած բոցից,
Խոսքի շայրը բերո՜ւմ-բերո՜ւմ,
Եվ ինչպես միշտ այս սեզոնում`
Հասցընում է մեղվանոցին.
-Թե լինեիր դու մեղվապահ,
Կտեսնեիր ավելի պարզ…
-Լա՛վ, էդ գիտե՛նք, գիտե՛նք, Դանե՛լ,
Բավական է գլուխ տանես,-
Ընդհատում է ուստան նրան:
Եվ մուրճն իջնում, ելնում է վեր,
Բորբոքվում է անվերջ քուրան
Ու բորբոքում ասես նաև
Ներողամիտ Դանել քեռուն,
Որ կոկորդն է հազիվ քերում,
Եվ ժպտալով ինքնավայել
(Չի պատահել կարծես ոչինչ),
Կամենում է նորից խոսել,
Նորից խոսել… մեղվանոցից,-
Թե` իբր այնտեղ, մեղվանոցում
Շատ կարևոր հարց են լուծում,
Թե` այս շաբաթ –խոսքին նայիր -
Փեթակները կոլխոզային
Նա մաքրել է ամերիկյան`
«Բուրժուական» էդ փտախտից,
Թե` էլ մեղվին վտանգ չկա,
Մեղվաբերքն էլ իրենց բախտից
Ծով կլինի ամեն տարի:
Իսկ թե ծով է բերք ու բարիք`
Ասել է, թե իր ոտքերով
Կոմունիզմը մոտ է գալիս:
Սակայն ուստան այս անգամ է՛լ
Նրան խոսել հո չի տալիս.
-Դու պալատի՜ց խոսիր, Դանե՛լ,
Մոռացե՞լ ես, թե դրանով
Ինչքա՞ն ես դու հոգից հանել:
Հիմա ինչո՞ւ վազ ես անցնում:
-Էհ, կխոսեմ ես հիմա էլ.
Ո՞վ ասաց, թե վազ եմ անցնում,-
Եվ մի փոքր շփոթվելով
Իր ճակատն է շփում ձեռով:
Ախր ուստան չի մոռացել,
Թե որքա՜ն են նրանք վիճել
Այդ առիթով: Ինքն ասում էր.
-«Կամաց` բայց շատ գնա», ախպե՛ր…
-Ախր կամաց ո՞ւր ես գնում,
Զոքանչիդ տո՞ւն, թե՞ կոմունիզմ,-
Բորբոքվում էր Դանել քեռին
Եվ միանում ամեն կողմից
Վաչագանին ու Թորգոմին…
Շփոթվում է քեռին հիմա
Միտ բերելով, որ Թորգոմին
Նոր ակումբի շենքի համար
Երեկ գիշեր լավ խայթեցին,
Եվ ուզում է շրջանցելով
Խոսքը բերել մեղվանոցին,
Բայց զգալով, որ չի կարող,
Եվ որ ուստան նեղն է ձգել,
Աշխատում է որևէ կերպ,
Ինչ-որ ծուռտիկ ճանապարհով
Փեշն ազատել, իրեն փրկել:
-Վա՜յ, շատախո՛ս, դու ջո՜ւր դառնաս,
Ո՜նց մոռացար,- ասում է նա
Եվ մազերն է ուզում ձգել
(Ու կձգեր, թե ունենար),-
Մեղվանոցից պետք է, ուստա՛,
Դու հենց հիմա սարքես ու տաս
Երեսուն հատ մայրավանդակ:
Դե շո՜ւտ, ուստա՛,
Ձեռքի՜դ մատաղ…
Իսկ ուստայի թավ բեղերում
Չարաճճի մի քմծիծաղ
Զբոսնում է իրեն համար:
Պարզ է տեսնում ուստան հիմա.
Սուտ է ասում Դանել քեռին,
Որ ազատվի նրա ձեռից…