III
Աշխատանքն է գյուղում եռում:
Մի բառ միայն` բերքահավաք,-
Եվ մի հատիկ այդ կարճ բառում
Ամփոփվում է որքա՜ն կրակ
Որքա՜ն լարում, եռանդ ու սեր:
Այդ օրերին Թորգոմն ասես
Պտտվում է հոլի նման.
Ուր էլ գնաս, ուր էլ հասնես,
Միշտ կտեսնես նորից նրան:
Հիմա դաշտ է նա շտապում
Եվ մտածում ճանապարհին,
Որ ինչպես միշտ, ամեն տարի
Պիտի շուտով յայլաղներից
Ներքև բերել ջահելներին,
Որ գան, լծվեն հունձ ու կալին,
Եվ ինչպես միշտ, ամեն տարի,
Առաջինը ողջ շրջանում
Հնձից պրծնեն:
Միտք է անում
Եվ հիշում է Մկրտիչին:
Իսկ եթե նա աղմուկ գցի՞:
Եվ այդ մտքից նա բարկանում,
Միկիչի հետ հեռվից-հեռու
Վեճ է մղում այնպես, կարծես
Նա աղմուկ է արդեն գցել,
Նա չի թողնում ջահելներին
Գան մասնակցեն հունձ ու կալին:
Եվ Թորգոմը չի նկատում,
Որ իր համար անակնկալ
Բարձրաձայն է խոսում իրոք:
Մեկ էլ հանկարծ ծիծաղելով
Նրա դեմ է Վաչեն բուսնում:
-Այդ ո՞ւմ հետ ես այդպես խոսում,
Այդ ո՞ւմ հետ ես վիճում տաք-տաք…
Բացատրություն մինչ նա կտար,
Հասկացնում է Վաչեն ձեռքով,
Որ նա լռի:
Կողքի ձորով
Մի բահ ջուր է թավալվում ցած,
Եվ ջրի շուրջ հարյուրավոր
Հավեր, բադեր են կչկչում:
Թռչնանոցն է տեղավորված
Այդ ձորակում հարմարավոր`
Փոքրիկ ֆերման Սաթենիկի:
Եվ դարավոր ուռենու տակ
Նրա ձայնն է հնչում հանգիստ:
Նա խոսում է Մարոյի հետ`
Հասակակից օգնականի:
Վաչեն դառնում է Թորգոմին.
-Հապա լսիր` ինչ են խոսում:
Ու նստում են, նրանց լսում:
-Ո՞նց է, բաջի, էս օր Կարոն,-
Հարց է տալիս նրան Մարոն,-
Եվ իսկապես` Եղյան Կարոն
Գիշերելով դաշտում չորս օր
Մրսել է և հիվանդացել:
-Ասում են, թե երեկ կեսօր
Տաքությունը անց է կացել
Քառասունից-քառասունհինգ:
-Քառասունհի՞նգ: Վա՜խ, խե՛ղճ կնիկ,
Վա՜խ, քոռանա՛ մերդ, բալա՜:
-Քառասունհի՞նգ… ո՞նց թե, ա՜յ քիր,
Քառասունից վերև հոգին
Ցավին էլ ո՞նց կդիմանա:
-Ինչի՞ պիտի չդիմանա,-
Առարկում է Սաթոն հանգիստ,-
Պարտիական մարդ է, ա՜յ քիր,
Դու էդ մեկը լա՜վ իմանաս.
Պարտիական մարդու հոգին
Հարյուրին էլ կդիմանա…
Հենց սրանով կարծիք կազմիր.
Ուրիշ էլ ո՞վ կդիմանար
Էն անաստված պատերազմին…
Ու գլխով է անում բաջին…
-Քիչ է մնում, թե ականջիդ
Չհավատաս, ես իմ հոգին,-
Եվ Թորգոմը նստում հարմար
Եվ լսել է ուզում էլի:
Բայց կչկչոցը հավերի
Ստիպում է Սաթենիկին
Շուռ գալ դեպի վերև նայել:
Ու տեսնելով նախագահին
Պառավ կնոջն ինքնավայել`
Իրենց մոտ է նրան կանչում:
Ողջ կոլխոզը շատ լավ գիտեր,
Ճանաչում էր Սաթո բաջուն:
Անժառանգ ու այրի մի կին,
Ոնց ասում են` «անհիշատակ»,
Կհասնի նա ամեն մեկի
Իրեն ուղղված թեթև կանչին,
Ձեռաց կօգնի, խորհուրդ կտա:
Այցելուն է նա առաջին
Ուրախության, թե տրտմության
Ամեն ժամին և լավ ծանոթ
Ողջ կոլխոզի անցուդարձին,
Տեղյակ գյուղի ամեն ինչին:
Ոչ մի կեղտոտ ասեկոսե:
Կին է այրի, «անհիշատակ»
Ոչինչ չունի օր ծերության:
Ինչո՞վ հապա, ասել կուզե,
Լցնի օրը, սիրտն ու հոգին,
Ի՞նչ խնդությամբ ուրախանա,
Երբ անձնական խինդ չունի նա:
Նրա մարդուն ողորմածիկ`
Հիսուն-վաթսուն տարվա հովիվ
Կուլակները սպանեցին
Հոտի առաջ:
Սաթո բաջին
Զով սարերի մարմանդ հովին,
Պաղ ջրերին շատ էր սովոր,
Եվ հետո էլ, իբրև կթվոր,
Շարունակեց ֆերմա գնալ,
Մինչև մի օր ասաց.
-Ախպե՛ր,
Էլ ձեռքերիս ուժ չմնաց:
Ուզեց մի քիչ հանգիստ ման գալ,
Բայց կռիվը պայթեց հանկարծ,
Ու նա կրկին
Ելավ ոտքի.
Մեկ`կոլխոզում հացթուխ դառավ
Թոնիր վառեց պառավ-պառավ,
Մեկ` աշխատեց նա մսուրում.
Լվաց, մաքրեց երեխեքին:
Ինչ գալիս էր պառավ ձեռքից`
Չխնայեց և ոչ մեկին.
Մխիթարեց, հուսադրեց,
Սրան-նրան թելադրեց
Թուղթ ու նամակ` դեպի ֆրոնտ,
Եվ իր տան մեջ ուշ գիշերով
Հին խոսքերով, աղոթքի պես
Ստալինին լալով դիմեց,
Որ նա բացի հույսի մի դուռ`
Ջարդի Նեռին`
Շուն Հիտլերին
Եվ բոլորին ետ բերի տուն…
Անցած դարի Սաթո բաջին
Դարձավ վարիչ թռչնանոցի:
Աշխատանքի, գործի սովոր`
Նրան թվում էր անսովոր,
Որ նա պիտի ամբողջ տարին
Մեծ գործ չանի: Ի՞նչ էր անում.
Թռչուններին կուտ էր տալիս,
Ձուն հավաքում, հանձնում պահեստ:
-Ես չեմ ուզում գլուխ պահել,-
Դիմեց հիմա նա Թորգոմին,-
Ես էլ հիմա միտք եմ անում.
Ինչ որ արել` է՛լի կանեմ:
Լավ չի լինի` ես հավերին
Էգուցվանից վերցնեմ տանեմ,
Ու մոտեցնեմ ֆերմաներին:
Ճիշտ է, թեև ուժս է հատած,
Բայց մի օգուտ ես էլ կտամ,
Կով կկթեմ…
-Գիտե՛մ, գիտե՛մ,-
Ջերմ ժպտալով, Թորգոմն ասաց,-
Գնա, բաջի՛:
Եվ իմացի՛ր,
Որ ես, իբրև քո նախագահ,
Քեզնից շա՜տ եմ շնորհակալ:
Էն էլ ասեմ, որ այս տարի
Կարժանացնենք քեզ մեդալի:
-Էհ, ի՞նչ մեդալ:
Ա՛յ քեզ մատաղ,
Էդ մեդալի համար հո չի՞.
Կոտրած ձեռով Սաթո բաջին
Ուզում է, որ տա մի օգուտ
Իր կոլխոզին: Մատաղ հոգուդ,
Դե իմ մարդն էլ, ինդք ասա,
Լուսահոգին ո՞ւմ զոհ գնաց:
Դողաց ձայնը Սաթենիկի,
Եվ նա դիտմամբ բարձր հազաց,
Որ հուզմունքը հազով ծածկի…