IV
Օրըստօրե անտառն արագ
Նոր գույներով է զարդարվում,
Վերջալույսի նման վառվում
Շիկնանքներով հազարերանգ:
Վեր գալարվող բոցի նման
Քամուց քշված խազալն արդեն,
Մայրամուտին, իրիկվա դեմ
Սավառնում է լեռան վրա.
Կախվում օդում,
Ձորը պատում,
Եվ շղարշով իր ոսկեթել
Ծածկում կածան, ակունք, առու:
Մի անվտանգ, անբաց խարույկ
Վառվում է և չի մոխրանում:
Եղևնիներն են լոկ կանաչ,
Որ օրեցօր, կամաց-կամաց
Լուռ մերկացող անտառի մեջ
Երևում են ավելի պերճ`
Իբրև գարնան գրավական:
Ծով դաշտերում էլ բերք չկա,-
Ամբարվել է պահեստներում
Եվ այնտեղից հորդել է դուրս,
Լցվել ամեն խրճիթ ու տուն:
Բերքահավաքը վերջացավ
Առաջինը ողջ շրջանում,
Փոխանցիկը ձեռքից չանցավ,
Ինչպես Թորգոմն էր վախենում:
Բարձր բերքի համբավն անցավ
Ու տարածվեց հեռու-հեռու:
Երևանից եկան հասան
Թղթակիցներ և նկարիչ:
Եվ շատ չանցած լրագրի
Երրորդ էջում իրենց տեսան
Սեթը, երեք օղակավար,
Բրիգադավար Եղյան Կարոն
Եվ Թորգոմը, որ խանդավառ
Հաղթությունից դարձած բարի
Ու մոռացած վեճ ու կռիվ,-
Ափերն ուրախ շփեց իրար
Ու Վաչեի մեջքին խփեց.
-Լսի՛ր, Վաչե, ինչ եմ ասում:
Պիտի ակումբը վերջանա՜
Առաջիկա երկու ամսում…