I
Երկինքը` կարծես լուսաքողարկված,
Մթին ամպերից բացվում է հանկարծ,
Եվ անժամանակ արթնացած քամին
Կեսգիշերային անդորրված ժամին,
Ինչ-որ մի բանից կարծես թե դժգոհ,
Ամպերն է քշում դեպի Մեծ Մասիս,
Դեպի մայր Արաքս` սահմանից այն կողմ:
Եվ գնդասարի կաթնագույն ուսին
Հոգնած թիկնում է մի լրիվ լուսին:
Անքնությունն է Մկրտչին տանջում,
Եվ նա վերարկուն գցելով ուսին`
Նստում է տեղում: Կողքին անձանձիր
Աղբյուրն է անվերջ ինչ-որ բարբաջում,
Մի գառ փռշտում, հովատակ մի ձի
Ընդհատ ու բեկ-բեկ մի պահ խրխնջում,
Լռում է ապա:
Միտքը Մկրտչի
Առանց դադարի պտույտ է անում:
Մերթ այնպես, ինչպես համառ ճանճերին`
Մկրտիչը ձեռքով այդ միտքն է վանում,
Մերթ` այն թվում է այնքա՜ն հաճելի,
Այնքա՜ն գրավիչ:
Արի՛, Մկրտիչ,
Դուրս եկ խճճված մտքի ցանցերից:
Ու նա չի քնում:
Ու միտքը գնում
Մերթ հեռանում է, մերթ գալիս մոտիկ:
Որոշ է բախտը իր ժողովրդի:
Ապրում են իրենք մի մեծ տան նման,
Եվ ինչպես տանը, մեծ ընտանիքում,
Կան հազար հոգսեր:
Բայց մի հզոր սեր,
Որ արյան մեջ է, ամենքի հոգում,
Կապում է ամուր բոլորին իրար,
Եվ մի վերընթաց ուղիղ ճանապարհ
Խոչընդոտների վրայով անվերջ
Իրենց տանում է բարձունքից-բարձունք:
Լինում են, ինչ խոսք, գժտություն ու վեճ:
Ահա Թորգոմը:
Վտակը ցածում
Ինչ-որ խոսում է խորին քնի մեջ,
Իսկ արշալույսը աչքերն է բացում,
Աղոտանում է խավարը դանդաղ:
Ի՞նչ է պատահել արդյոք Թորգոմին,
Իր ընկերոջը, իր բարեկամին,
Սիրելի մարդուն, բան չեմ հասկանում:
Մոտ քսան տարի առաջ էր տանում
Իր ձեռքով հիմնած կոլեկտիվը մեծ:
Միշտ առաջինը ամեն բանի մեջ:
Այս անգամ մարդը սխալ է գործել:
Եվ ինքը, ինքը ինչքան է փորձել
Հասկացնել նրան: Իր բարեկամը
Դեռ համոզված է, որ այս անգամ էլ`
Այս կառուցվելիք ակումբի հարցում
Ինքը ճիշտ է և սխալ չի գործում:
Բայց կհասկանա, այլ կերպ չի կարող,-
Եվ Մկրտիչը ելնում է ոտքի:-
-Գյուղ իջնենք, տեսնենք ինչ կասի Կարոն:
Երբ որ գյուղ հասավ, Մկրտչի հարցին`
Թե ո՞ւր է Կարոն, պատասխան տվին,
Որ դրությունը շատ ծանր է տղի,
Պառկած է հիվանդ: Թորգոմն էլ արդեն
Մեկնել էր քաղաք, որ շինանյութեր
Հասցըներ շինվող ակումբի շենքին:
Ու վերադարձավ Մկրտիչը կրկին,
Երբ որ այցելեց ու տեսավ, որ դեռ
Կարոն տենդի մեջ ի վիճակի չէ
Ո՛չ հարցեր քննել ու ո՛չ էլ լուծել: