II
Ճամփան ելնում է սարն ի վեր
Կեռմաններով իր անհարմար,
Ոտքերիդ տակ` խորունկ վիհեր,
Գլխիդ վերև` կապույտ կամար,
Որ ամպերով ծոպավորված`
Ավելի է կապույտ դառնում:
Երկու հոգի ձիեր նստած,
Անվերջ դեպի վեր են ելնում,
Վե՜ր – կարծես թե դեպի երկինք:
Ձիերն անվերջ այդ վերելքից
Քրտնակալած ու բեզարած,
Վեր են ելնում դանդաղորեն:
Աշունն էլի աներևույթ
Վրձինները իր ձեռքն առած,
Արոտներն է ոսկեվորել:
Իջել է նա մերկ հանդերին
Եվ անտառին դեղնականաչ:
Կարծես հեռու մի հրդեհի
Ցոլքն է փռվել երկրի վրա:
Գարնան գետը հորդ ու վարար
Բարակե՜լ է, դարձել առո՛ւ…
Խոր աշունն է լեռնաշխարհում:
Ապաքինված, արդեն առողջ`
Պարտքարտուղար Եղյան Կարոն
Թորգոմի հետ զրույց անում,
Դեպի յայլաղ են բարձրանում:
Երևանից նոր ետ դարձած,
Ոգևորված, դարձած բարի`
Թորգոմն ամբողջ ճանապարհին
Նոր լուրեր է հայտնում նրան,
Եվ մեծ մասամբ խոսքը նրա
Պտտվում է կոլխոզի շուրջ…
Եվ Թորգոմը ոգևորված
Թվարկում է երկու տարվա
Պլաններն իր.
Ակումբին կից
Պիտի շինի նոր հյուրանոց:
Լավ սրտատաշ բազալտ քարով,
Հիսուն-վաթսուն մահճակալով:
Հետո` պանրի մի գործարան,
Հետո…
Հարց է տալիս Կարոն.
-Իսկ քաղաքում, մի ինձ լսիր,
Ի՞նչ իմացար գոմի մասին
Եվ կամ, ասենք, հենց բաղնիսի:
Հը՞, ի՞նչ կասես, ընկեր Թորգոմ:
«Ընկեր» բառը նախագահին
Հարկադրեց զգուշանալ:
Տարված անուշ անըրջանքով`
Չէր էլ անցել մտքով նրա,
Թե քարտուղարը պարտկոմի
Իր հարուցած մտքի վրա
Նայում է լուրջ կասկածանքով:
-Ձմեռանոց…կկառուցենք,-
Թորգոմն ասաց սառն ու դժգոհ,
Մտածելով, որ Կարոն էլ
Վարակվել է անտարակույս
«Մկրտչյան հիվանդությամբ»:
-Իսկ ինչո՞ւ «գոմ», ոչ թե «գոմեր»:
-Էհ, թող լինի «գոմեր» թեկուզ:
-Իսկ ե՞րբ, Թորգոմ:
Ու Թորգոմն էլ
Սիրած խոսքը կրկնեց նորից.
-Կկառուցենք մենք ամեն ինչ,
Միայն`հերթով:
-Հետո՞, հետո՞,-
Խիստ անհամբեր հարցրեց Կարոն,
Եվ այլևս չսպասելով
Պատասխանի, շարունակեց.
-Ձմեռանոց է հարկավոր
Մեզ հենց հիմա`
Ձմռան համար…
Կարոն ձիու սանձը ձգեց,
Որ Թորգոմը հավասարվի,
Եվ լրջորեն շարունակեց.
-Անմիջապես պետք է շարվի,
Եթե կուզես` վաղը թեկուզ:
Այս մեկ: Ունենք նաև «երկուս»:
-Բայց, սպասի՛ր, ախր էդ ո՞նց,
Ո՞նց ենք շինում ձմեռանոց:
-Մենք ամեն ինչ ունենք, Թորգոմ,-
Բանվոր, քարտաշ, ճարտարապետ
Եվ շինափայտ, էլ ի՞նչ է պետք:
-Ո՞նց թե…
-Այո՛:
-Ո՞նց թե, Կարո՛:
-Այո, թեկուզ հենց այն քարով,
Որ ակումբի համար արդեն
Պատրաստված է:
-Իմ աստվածը,
Դու գժվել ես, կարծես, Կարո՛:
-Դու ես գժվել, Թորգոմ, հենց դո՛ւ:
Լսի՛ր, թե քեզ ինչ եմ ասում:
Գիտե՜ս, մարդիկ ինչ են խոսում.
Նախագահ են Քաղսովետի
Քեզ անվանում, մի մականուն
Որ ցանկանում – չես ցանկանում
Քո անվանն է կպել արդեն:
Ժողովուրդը հենց դրանով
Իր կարծիքն է արտահայտել:
Ասենք` նաև արտահայտեց
Նա կարծիքն իր որոշակի:
Դու հիշո՞ւմ ես, ընկեր անգին,
Զեկուցումն այն, մեր ակումբում:
Սա լուրջ բան է, ազդանշան,
Որ, անկասկած, այն է ասում,
Թե կըտրվում մասսաներից.
Հեռանում ես, առաջ վազում:
-Եթե անգամ ճիշտ ես ասում,
Ապա դու էլ մասսաներից
Կտրվել ես` ետ մնալով,
Քնով անցել` չիմանալով
Այն, որ արդեն հասանելի
Բան է դարձել մասսաներին:
-Մասսաների՜ն, մասսաների՜ն:
Հետո՞…-զլեց նա ձայն իր բամբ,-
Իսկ ո՞վ ասաց, թե կուրությամբ
Պիտի կախվենք մասսաների
Պոչից, Կարո՛…
-Լսի՛ր, Թորգոմ:
Եվ մենք իզուր ջուր չծեծենք:
Եվ իմացիր, մենք տիպային
Ձմեռանոց կկառուցենք
Հենց վաղվանից: Մինչև հիմա
Բերքով էինք մենք զբաղված,
Հունձ ու կալ էր, չկար հնար
Հարցը կարգին քննարկելու:
Հիմա, առանց քողարկելու,
Ես քեզ պիտի անկեղծ ասեմ…
Նրանք հանկարծ նկատեցին,
Որ ֆերմա են արդեն հասել:
Եվ տաք վեճը հարկադրված
Անժամանակ ընդհատեցին: