3
Եվ հոտևան աշնան բուրմունքներից գինով,
Նա հիշում է մեկից, միանգամից, հանկարծ...
Ծանո՛թ, ծանո՜թ է այդ հիշողությունն այնքան,
Ասես լինի տեսած մի հին կինոնկար...
Եվ ակամա, խոր մի բնազդով թաքուն,
Դանդաղում են, փափկում հարվածները մուրճի...
...Նա մանուկ էր այնժամ: Մինչ հայրը գար գործից,
Մինչ երեկոն իջներ, նա տան բակում,
Ընկուզենու շքեղ ստվերի տակ,
Մաշված գորգի վրա, տատի կողքին նստած,
Խորասուզված այնպես խաղում էր լուռ:
Այգում
Բարձրանում էր հանկարծ աշնան քամին,
Բարձրանում էր հանկարծ, քշում միանգամից
Տանում գլորում էր, խճճում էր հողով
Հին կծիկը տատի...
Մինչ տատը մեղմաբար
Խաչակնքում դեմքը, փնթփնթում էր, ապա
Դանդաղ ելնում ոտի,-
Իբրև բողոք
Իր իսկ պտուղներն էր գետնին թափում
Բեղուն և ծանրահակ խնձորենին...