4

Նա մանուկ էր սակայն և չգիտեր այնժամ,
Որ ո՛չ աշնան քամի, այլ սամում էր պայթում,
Որ կծիկը իրենց գոյության ու բախտի
Ո՛չ թե խճճվում էր, այլ թել առ թել փրթվում,
Որ արդար իր հայրը իր իսկ հերկած արտում
Սպանվել էր..., Մայրը ընկել խոնավ տախտին,
Տան ապավեն կովի բութ հայացքի ներքո,
Կաթնադույլի առաջ և կաթի հետ խառնած
Մայրական արյունը...
Ճանապարհը գաղթի
Ձգվե՛լ, երկարե՜լ էր դեպի առաջ,
Անկարեկից, մթնած երկինքների ներքո...
Լոկ լսվել էր հեռվից մորթվող կովի բառաչ,
Աղաղակներ դաժան.
Ու երգել էր քամին - ուրախ ու ինքնագոհ,
Որպես հարբած խուժան...