5

Բնանկար ծանոթ: Հինավուրց վանք ու ժամ:
Լցված է բազմությամբ բակ ու գավիթ:
(Հեռուներից նրանց այստեղ քշած,
Դեռ խուլ մլռտում է հեռվում քամին):
 
Էջմիածին: Վարակ: Համաճարակ:
Անծայր ու անվախճան մի պատարագ,
Որտեղ ըստ պատճաշի, զոհ է բերվում
Իբրև Քրիստոսի միս ու արյուն
Ոչ թե մի կում գինի ու մի կտոր նշխար,
Այլ ժողովուրդ մի ողջ և մի ամբողջ աշխարհ...
...
 
Հետո՝ ճերմակ մի տուն: Ճերմակ ձեռնոց հագած
Ինչ-որ պարոն: Բուրմո՛ւնք, բուրմո՜ւնք հացի...
Տատը վանքի բակում հացի կարոտ հանգավ...
Ինքը այսուհետև հա՛յ չէ, ամերիկացի՛...
 
Այսուհետև հացին պետք է ասել «Բրեդ»,
Ամեն խոսքից հետո՝ «Միստըր, փլիզ»...
Նրանց կոշիկները լավ մաքըրել...
Խմել հոտած սոուս, ծամել թերխաշ բրինձ...
...
 
Եվ առաջին ճիգը.-
Տատի պես չմեռնել, դեռ ապըրել...
Եվ առաջին միտքը,-
ապրել, բայց ո՛չ իբրև ամերիկացի...
Եվ առաջին իղձը՝ միշտ հաց ասել հացին,
Որ չլինի սակավ, որպես... «բրեդ»...