6

Որբ է: Արհեստանոց: Պետք է ապրուստ ճարել:
Տարբերում է արդեն սպիտակը սևից:
Հասկացըրին... Թո՛ւրքը իր տունը կործանեց:
Բայց թուրքից էլ վատթար՝ կա «բայլշևիկ»...
 
Ի՞նչ կարող է անել: Ինքը որբ է միայն.
Անօթևան, անտուն, փախած հրից - սրից...
 
Փողոցներն են հոտում, որպես դիակ...
Միտքը մահին վարժվեց, աչքը՝ մաուզերին...
...
 
Որբանոցից իրեն ինչ որ կոպիտ ձեռքեր
Դուրս քաշեցին. - «Հային ի՞նչ որբանոց»:
 
Ամենուր նույն ճամբան - գերեզմանոց տանող...
Ի՞նչ որբանոց, իրոք, պիտի նրան փրկե,
Երբ երկիրն էր այնժամ անծայր մի որբանոց...
...
 
Լավ էր, որ հեռացան ամերիկացիք,
Եվ կարող է հիմա հանգիստ նա անվանել
Ինքն իրեն հայ և հաց՝ չեղած հացին...
...
 
Վատ էր դրսում, հանգիստ մի առվի մեջ քնել,
Խոնջ գլուխը ցմքած թևի վրա դրած,
Եթե միայն... իր պես քաղցած շրջիկ շներ
Հոտող դիակի տեղ չդնեին նրան...